Պաշարված Արցախում տոն է՝ Անկախության տոն
Օրվա թեմա
08:52 02/09/2023
ԼՂՀ

Պաշարված Արցախում տոն է՝ Անկախության տոն

Այսօր Արցախի Անկախության օրն է։  Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:

1991թ. սեպտեմբերի 2-ին  Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել է  «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99,89 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության: Դրան հետևած ընտրություններում ընտրվեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը երեք անգամ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեին արտահայտել է սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր վճռականությունը: 

Սակայն այսօր Արցախի Հանրապետությունը պաշարված է թշնամի Ադրբեջանի կողմից։ Ութ ամսից ավելի է Ադրբեջանը ապօրինի արգելափակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ կյանքի ճանապարհ Լաչինի միջանցքը։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների։ Սակայն հունիսի 15-ից արգելվել է նաև վերջիններիս տեղաշարժը: Տասնօրյա արգելափակումից հետո՝ հունիսի 25-ից վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը Լաչինի միջանցքով, սակայն խաղաղապահներին դեռևս արգելված է մատակարարել սնունդ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Ադրբեջանը հուլիսի 11-ից արգելափակել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։

Արցախում խանութները դատարկ է, սահմանափակ քանակի հաց ձեռք բերեու համար արցախցիները ժամերով հերթեր են կանգնում, երբեմն առանց հաց վերադառնում տուն։ Արցախում արդեն արձանագրվել է սովամահության դեպք։ Արցախում այս պահին մահացած անձանցից յուրաքանչյուր երրորդի մոտ փորձագետներն արձանագրում են թերսնում, օրգանիզմի հյուծվածություն։ Արցախում ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման դեպքեր։ Արցախցի կինը հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային՝ ժամանակին հիվանդանոց չհասնելու  պատճառով։ 

Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունն ունի սննդի, դեղորայքի, վառելիքի և շատ այլ կենսական նշանակության ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում են նաև ծանր խնդիրների ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել են հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։

 

 

Placeholder
Պաշարված Արցախում տոն է՝ Անկախության տոն