Նիկոլ Փաշինյան. Չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ տեմպով
Կրթություն, գիտություն
15:44 05/09/2023
Հայաստան

Նիկոլ Փաշինյան. Չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ տեմպով

Նիկոլ Փաշինյանը այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին: 

Իր ելույթում նա նշել է՝  պետք է երեխային սովորեցնել, թե ինչպես լավ ապրել:

«Երեխային պետք է ասենք՝ սիրելիներս, դուք պետք է ապրեք լավ, դուք պետք է ապրեք բարեկեցիկ: Սրա համար,  իմ գնահատմամբ, չորս բան է հարկավոր: Առաջինը՝ գիտելիք, հմտություն, երեկ էլ ասացի, որ գիտելիքն ընդամենը տեղեկություններ իմանալը չէ, որը շատ կարևոր է, գիտելիքն անհրաժեշտ տեղեկությունն անհրաժեշտ պահին հնարավորինս արագ ստանալու հմտությունն է: Պետք է լինեք ֆիզիկապես ուժեղ,  և՛ տղաները, և՛ աղջիկները պետք է լինեն հոգեպես ուժեղ՝ ի վիճակի լինելու, դիմակայելու կյանքի փորձություններին, որոնց մասին, ցավոք, կյանքը մեզ նախապես չի ասում:

Եվ չորրորդ՝ պետք է աշխատասեր լինեք, հատուկ հարգանք ունենաք աշխատանքի նկատմամբ: Ընդ որում, պիտի իմանաք, որ չկա վատ աշխատանք, ցանկացած աշխատանք լավ է և հարգանքի արժանի: Այսօր շատ է խոսվում այն մասին, և դա նորմալ է՝ և՛ ծնողները, և՛ ուսուցիչներն ուզում են, որ երեխաներն ընդունվեն բարձագույն ուսումնական հաստատություններ: Բայց նաև, եթե մենք հարցը դիտարկենք ոչ միայն դիպլոմի տեսանկյունից, այլև բարեկեցության՝ ամենևին էլ փաստ չէ, որ հենց բարձրագույն կրթությունն է ամեն երեխայի համար ապահովելու բարեկեցություն», - ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողել խոսելու ՀՀ պետական օրհներգի մասին։ Այս անգամ նա անդրադարձել է հիմնի կատարման չափանիշներին.

«Վերջին օրերին հինգ, վեց դպրոցներում եմ եղել. մեր բոլոր միջոցառումները սկսվում են պետական օրհներգով և մենք Հայաստանի պետական օրհներգի վեց տարբեր վարկածներ ենք լսել՝ վեց տարբեր արագությամբ: Սա էլ է խնդիր, չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ տեմպով կամ այլ տեքստով»։

 

Placeholder
Նիկոլ Փաշինյան. Չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ տեմպով