Ալիևի աղջիկներն ու մերձավորները Բրիտանիայում գնել են 200 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ գույք․ «Times»-ի բացահայտումը
Քաղաքական
10:35 05/09/2023
Տարածաշրջան

Ալիևի աղջիկներն ու մերձավորները Բրիտանիայում գնել են 200 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ գույք․ «Times»-ի բացահայտումը

Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է․

«Բրիտանական «Times» թերթը գրում է, որ բացահայտել է 250 մլն ֆունտ արժողությամբ բրիտանական անշարժ գույք, որը պատկանում է տխրահռչակ ավտոկրատ կառավարիչների երեխաներին և նրանց մերձավորներին:

Times-ը ռեեստրի տեղեկատվությունը համեմատել է հողային կադաստրի տվյալների հետ և պարզել, որ Ադրբեջանի նախագահի երեխաներն ու մերձավորները  գնել են 200 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ գույք:

Սա ներառում է 21 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ լոնդոնյան անշարժ գույք, որը պատկանում է Իլհամ Ալիևի դուստրերի՝ Լեյլայի և Արզուի կողմից վերահսկվող օֆշորային ընկերություններին:

Ադրբեջանի նախագահի դուստրերից մեկին է պատկանում «Փարք Լեյն»-ի  պենտհաուսը, որը գտնվում է Լոնդոնի ամենահեղինակավոր հասցեներից մեկում և Հայդ պարկի համայնապատկերային տեսարանով։ Այն մայրաքաղաքի ամենահարուստ վարձակալներին առաջարկվել է ամսական 16 հազար ֆունտ ստեռլինգով:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի 38-ամյա որդուն՝ Թալե Հեյդարովին է պատկանում է «Shepherd's» ռեստորանը Վեսթմինսթերում, որը տասնամյակներ շարունակ եղել է քաղաքական ինտրիգների որջ։ 2020 թվականի հունիսից անշարժ գույքը պատկանում է բրիտանական Վիրջինյան կղզիներում տեղակայված «Oak Trail Limited» ընկերությանը։

Նիջաթ Հեյդարովը՝ Թալեի եղբայրը, նույնպես ունի 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարան Լոնդոնում, որը ձեռք է բերել  Գերնսիում գտնվող «Merton Investments»-ի միջոցով:

Ջամալ Փաշաևը՝ Մեհրիբան Ալիևայի զարմիկը, Մեծ Բրիտանիայում 9-ը անշարժ գույքի սեփականատեր է: Ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 70 միլիոն ֆունտը, ներառյալ Քենսինգթոնի թաունհաուսը: Անշարժ գույքը պատկանում է բրիտանական Վիրջինյան կղզիներում գործող ընկերություններին։

Փաշաևը ադրբեջանական «Pasha Holding» ներդրումային խմբի փոխնախագահն է։

P.S. Թափանցիկության նոր կանոնների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում սեփականություն ունեցող օտարերկրյա ընկերությունները պետք է հայտարարեն վերջնական սեփականատիրոջը: Ավելի վաղ այդ տեղեկատվությունը համարվում էր գաղտնի և չէր հրապարակվում: Սակայն ռուս-ուկրաինական պատերազմից  հետո Լոնդոնը ստեղծեց օտարերկրյա իրավաբանական անձանց ռեեստր՝ օֆշորային ընկերությունների միջոցով շքեղ գույք ունեցողների մանրամասները բացահայտելու համար»։

Placeholder
Ալիևի աղջիկներն ու մերձավորները Բրիտանիայում գնել են 200 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ գույք․ «Times»-ի բացահայտումը