«Մենք կողմնակից ենք մարդասիրական օգնության անարգել մուտքին ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով». Զախարովա
Քաղաքական
17:32 05/09/2023
Աշխարհ

«Մենք կողմնակից ենք մարդասիրական օգնության անարգել մուտքին ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով». Զախարովա

Ռուսական կողմը ԱԳՆ-ի, ՊՆ-ի և այլ պրոֆիլային գերատեսչությունների գծով մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի կարգավորման համար: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է Մոսկվան ձեռնարկում Արցախի Հանրապետությունում իրավիճակի կարգավորման համար:

Նա տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն անցյալ շաբաթ Երևան կատարած այցի ժամանակ անդրադարձել է այս թեմային՝ հավելելով, որ այս օրերին նա Բաքվում է, որտեղ նախատեսված են նրա համապատասխան խորհրդակցությունները։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապարփակ եռակողմ համաձայնագրերին համահունչ։

«Մենք կողմնակից ենք մարդասիրական օգնության անարգել մուտքին տարածաշրջան թե՛ Լաչինի, թե՛ Աղդամի (Ակնա-խմբ.) երթուղիներով, և միևնույն ժամանակ կոչ ենք անում խուսափել այս հարցի անհարկի քաղաքականացումից։

Չենք կարող չնշել այն փաստը, որ տվյալ դեպքում Եվրամիությունը, ինչպես որ նախկինում է եղել, անամոթաբար Ռուսաստանից վերցնում է նախաձեռնությունները, ընդ որում ԵՄ-ի գործողությունները ընդհանուր առմամբ չեն հանգեցնում իրավիճակի կարգավորմանը»,- ասել է նա։

Նրա խոսքով, մասնվորապես Երևանի կողմից Ռուսաստանին մեղադրելու քաղաքական հռետորաբանությունն անընդունելի է, քանի որ դա առաջին հերթին վնասում է օգնության կարիք ունեցող մարդկանց:

Կարծում եմ՝ հիմա պետք է ամեն ինչ անել իրավիճակը բարելավելու և մարդկանց տառապանքները նվազագույնի հասցնելու համար: Վերջին օրերին Երևանից հնչող նման հայտարարությունները վնասում են գործին և օգուտ չեն բերում գլխավոր խնդրին՝ մարդկանց օգնելուն», - ասել է Զախարովան:

Placeholder
«Մենք կողմնակից ենք մարդասիրական օգնության անարգել մուտքին ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով». Զախարովա