Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սարյան փողոցի «Հայփոստի» շենքի տեղում կստեղծվի Համաշխարհային առևտրի կենտրոն
«Համաշխարհային առևտրի կենտրոնը ակտիվ միջազգային բիզնես համայնք է, որը հնարավորություն է տալիս տեղական բիզնեսին գտնել միջազգային առևտրի և ներդրումների լավագույն հնարավորությունները»,-կառավարությաննիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրիրը և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի հիմնադրմանը մասնակցելու նախագիծը:
Նրա խոսքով՝ ասոցիացիան առկա է 100 երկրում, և արդեն 310 Համաշխարհային առևտրի կենտրոններ կան աշխարհի տարբեր քաղաքներում:
«Այն համաշխարհային առևտրի ցանց է և էկոհամակարգ, որը ներառում է տնտեսական զարգացման գործակալություններ, ասոցիացիաներ, քաղաքաշինական կազմակերպություններ, օդանավակայաններ, նավահանգիստներ, համալսարաններ և այլն»,- ասաց Քերոբյանը:
Նախարարը հայտնեց, որ ծրագիրը ներկայացրել է «Ռենշին» ՍՊԸ-ն, որը World Trade Center-ի անդամ է և բրենդի Հայաստանում տիրապետողն է դարձել:
Ծրագրով նախատեսվում է կառուցել մոտ 123 հազար քմ շենքեր և շինություններ, որոնք կներառեն գրասենյակային տարածքներ՝ 4 և 5 աստղանի տարբեր ձևաչափերի հյուրանոցներ և այլ ենթակառուցվածքներ, որի արժեքը գնահատված է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 21 898 520 000 ՀՀ դրամ, որից 10 949 260 000 ՀՀ դրամ ներդրումը կկատարի ներդրողը՝ դրամական միջոցների տեսքով, իսկ Հայաստանի Հանրապետությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն իրենց ներդրումը կկատարեն Սարյան 22 հասցեում գտնվող շենքում իրենց պատկանող անշարժ գույքերի տեսքով, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության ներդրման չափը կկազմի 4 161 260 000 դրամ, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի ներդրման չափը կկազմի 6 788 000 000 ՀՀ դրամ:
Ընկերության կանոնադրական կապիտալում հասարակ բաժնետոմսերը կբաշխվեն բաժնետերերի միջև հետևյալ համամասնությամբ՝
ա. Հայաստանի Հանրապետություն՝ 19.82 %.
բ. «Հայփոստ» ՓԲԸ՝ 30.18 %.
գ. Ներդրող՝ 50 %»: