Ռուսական թատրոնի 86-րդ թատերաշրջանում կլինեն նոր ներկայացումներ
Մշակույթ
10:30 16/09/2023
Հայաստան

Ռուսական թատրոնի 86-րդ թատերաշրջանում կլինեն նոր ներկայացումներ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 86-րդ թատերաշրջանի բացումը կկայանա այսօր Ա. Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մարտի 25-ին։  

Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից  Panorama.am-ին տեղեկացրեցին, որ սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ն․ Գոգոլի «Վիյ», Ա․ Գուլչինսկայայի «2+2», Ա․ Չեխովի «Բալենու այգին», Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազար», Դ․ Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» և այլ սիրված ներկայացումներ։ 

Այս թատերաշրջանի ընթացքում գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը կբեմադրի Ա. Ս․ Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» (առաջնախաղը կկայանա ս/թ դեկտեմբերի 15-ին)։   
Բեմադրիչ Նորա Գրիգորյանը կբեմադրի «Երիտասարդ բժշկի գրառումները» պիեսը՝ ըստ Մ. Բուլգակովի պատմվածաշարի․ աշխատանքներն արդեն սկված են: 

ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Վերոնիկա Սարոյանը կներկայացնի Ռ. Կունիի «Հայրիկը սարդոստայնում» կատակերգությունը։

Նախատեսվում է բեմադրել ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» պիեսը (բեմադրիչ՝ Արսեն Խաչատրյան)։

Թատերաշրջանի ավարտին նախատեսվում է բեմադրել Սոֆոկլեսի «Էդիպ արքա» պիեսը (բեմադրիչ՝ Կարեն Ներսիսյան)։ 

2023 թվականի սեպտեմբերին Կ. Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումը կմասնակցի Ղազախստանում անցկացվող «ՏեԱՐՏ-Կոկշե» («TeART-Kokshe») միջազգային թատերական փառատոնին (ք․ Կոկշետաու)։ Ռուսական թատրոնի «Թագավորների խաղը» ներկայացումն ընդգրկված է Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնի ծրագրում (ք․ Վլադիվոստոկ)։ Դ. Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» ներկայացումը կմասնակցի «Հայրենակիցներ» («Соотечественники») ռուսական դրամատիկական թատրոնների XVI միջազգային փառատոնին, որը կանցկացվի Սարանսկ քաղաքում (Մորդովիա):

Թատերաշրջանի ընթացքում նախատեսվում են հյուրախաղեր և փառատոներ՝ Սանկտ Պետերբուրգ, Ռյազան, Վլադիմիր, Սերգիև Պասադ։

Թատերաշրջանի առաջին հատվածում նախատեսվում է թարմացնել նաև բեմի տեխնիկական հագեցվածությունը։

 

Placeholder
Ռուսական թատրոնի 86-րդ թատերաշրջանում կլինեն նոր ներկայացումներ