Ժաննա Անդրեասյանը խնդրել է ուսուցիչներին հնարավորինս կոնկրետ ձևակերպել իրենց առաջարկները
Կրթություն, գիտություն
16:22 16/09/2023
Հայաստան

Ժաննա Անդրեասյանը խնդրել է ուսուցիչներին հնարավորինս կոնկրետ ձևակերպել իրենց առաջարկները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ուսուցիչների դժգոհություններին.

«Սիրելի ուսուցիչներ,

Վերջին օրերի քննարկումները ցույց տվեցին, որ որոշ տվյալներ կամ աշխատանքներ կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, ինչը անհարկի մեծացնում է տարաբնույթ պահանջները ուսուցչից։ Ինչպես օրինակ, մի բան էլեկտրոնային լրացնելուց բացի պահանջել թղթային եղանակով, ինչը շատ հաճախ անհիմն պահանջ է, հիմնականում սխալ մեկնաբանության արդյունք և որևէ կերպ չի բխում եղած կարգերից։ Ընդ որում այս պահանջները յուրաքանչյուր օղակում ավելանում են՝ այդ ուռճացված ձևով հասնելով ուսուցչին։ Մյուս դեպքում էլ հենց կարգերը վերանայման կարիք ունեն՝ թղթաբանությունը կրճատելու համար, հատկապես հաշվի առնելով, որ այժմ տվյալների մի զգալի թվային հարթակում հասանելի են։

Խնդրում եմ այս գրառման ներքո նշեք՝ ձեր կողմից արվող աշխատանքի որ մասն է օգտակար ու անհրաժեշտ, իսկ որ բաղադրիչներն է, որ կարելի է պարզեցնել կամ կրճատել։ Խնդրում եմ լինել հնարավորինս կոնկրետ, որ ձեր առաջարկները կարողանանք քննարկել և ընթացք տալ։
Շնորհակալ եմ»։ 

Բազմաթիվ արձագանքներից ու ներկայացված խնդիրներից հետո, Անդրեասյանը գրել է. «Որպեսզի առանձին չարձագանքեմ, նշեմ՝ եկող շաբաթ մանրամասն կքննարկենք բոլոր առաջարկները և առանձին գրառմամբ հետո կթվարկեմ՝ որոնք են ընդունվել»։

Հիշեցնենք, որ ուսուցչուհիները սեպտեմբերի 14-ին բողոքի ակցիա են արել կառավարության մոտ՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ, ինչպես նշում են, արդեն հանդիպել են պատասխանատու բոլոր օղակների ներկայացուցիչների հետ, որևէ կառուցողական պատասխան չեն ստացել իրենց բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ։ Նրանց խոստացել են երկուշաբթի տեղեկացեն Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին։ Ուսուցիչները դժգոհում են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների լրացման մեխանիզմից, կամավոր ատեստավորման պահանջներից։ 

 

Placeholder