Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել, Սուրեն Ալոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց
Իրավունք
14:04 17/09/2023
Հայաստան

Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել, Սուրեն Ալոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց

Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանին ազատ են արձակվել 1 միլիոն դրամի գրավի դիմաց։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Ալոյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

«Վարույթ իրականցնող մարմինը միջնորդել էր կալանքն ընտրել որպես խափանման միջոց,  դատարանը որոշեց կիրառել գրավ 1 միլիոն դրամի չափով»,- հայտնեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է նույն գործով ձերբակալված Գևորգ Ալթունյանին, Լ. Սահակյանն ասաց, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 20 մլն դրամ գրավ։ 

Վարույթ իրականցնող մարմինը Գևորգ Ալթունյանի դեպքում նույնպես միջնորդել էր կալանքն ընտրել որպես խափանման միջոց։  

Քննչական կոմիտեից երեկ հայտնել էին. 

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում վճարված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամի հափշտակության հանգամանքները։

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019, 2020 և 2021 թվականներին կազմակերպված N ծածկագրերով թվով երեք գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ:

Առերևույթ հանցավոր արարքներ կատարելու համար 2023 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գ.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «Նոր …» ՀԿ տնօրեն Ս.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կազմակերպչական բաժնի պետ Կ.Պ.-ին, նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ին։
Նույն օրը որոշում է կայացվել՝ վերջիններիս ձերբակալելու մասին։

Միջնորդություն է ներկայացվել Դատարան` Գ.Ա.-ի, Ս.Ա.-ի, Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար»։

Placeholder
Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել, Սուրեն Ալոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց