Ողջունում ենք բեռների մատակարարումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի ԼՂ. Բլինկեն
Քաղաքական
11:47 19/09/2023
Աշխարհ

Ողջունում ենք բեռների մատակարարումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի ԼՂ. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 18-ին հրապարակված հայտարարության մեջ Բերձորի (Լաչին) միջանցքով և Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհով ապրանքների միաժամանակյա անցումն գնահատել է կարևոր առաջընթաց։

«Մենք ողջունում ենք այսօրվա մարդասիրական մատակարարումների միաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մի մոտեցում, որը ես և նախագահ Ալիևը վերջերս քննարկել էինք։

Խիստ անհրաժեշտ պաշարների այս մատակարարումները կարևոր քայլ են առաջ, և մենք կոչ ենք անում  կողմերին ուղղակի բանակցությունների մեջ մտնել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու ուղիների վրա:

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա խնդիրների լուծմանն ու արժանապատիվ և երկարատև խաղաղության հասնելու ջանքերին»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր. «Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների»:

 

 

Placeholder
Ողջունում ենք բեռների մատակարարումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի ԼՂ. Բլինկեն