Ոչ ոք չի կարող հավատալ, որ ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունը կանխամտածված չի եղել․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Քաղաքական
23:54 21/09/2023
ԼՂՀ

Ոչ ոք չի կարող հավատալ, որ ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունը կանխամտածված չի եղել․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Ադրբեջանը մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա սահմանին կուտակելուց հետո սեպտեմբերի 19-ին որոշեց լայնամասշտաբ ռազմական գործողություն նախաձեռնել, որոնք իրականացվում էին մեծ մասշտաբով և հետևանքներ առաջացնում քաղաքացիական բնակչության համար։ Ոչ ոք չի կարող հավատալ, որ այդ գործողությունը կանխամտածված չի եղել»,- Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան է հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ նիստ՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը Լեռնային Ղարաբաղում։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան դատապարտել է այս անընդունելի հարձակումը, որը հակասում է  վեճերի խաղաղ լուծման սկզբունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

«Մենք միակ երկիրը չենք, մի շարք երկրներ կտրականապես ժխտում են այս վարքը` կոչ անելով Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և հարգել միջազգային իրավունքը։ Այս գործողության հետևանքը հատկապես ծանր եղավ, հարյուրավոր վիրավորներ կան, մարդիկ են զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, որոնց թվում կաներեխաներ»,- նշեց նա։

Կատրին Կոլոննան ասաց, որ սեպտեմբերի 20-ին հայտարարված հրադադարը կենսական կարևորություն ուներ, և կարևոր է այն պահպանել:

«Այստեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ հարցի տակ է դրվում, այլ վտանգված է Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի` իրենց իրավունքներով, պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը, բայց այդ հնարավորությունը չկա, եթե ուժեղ կողմը թույլի նկատմամբ դիտավորյալ ուժ է գործադրում»,- ընդգծեց նա։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հիշեցրեց, որ ԼՂ-ն երկար ժամանակ շրջափակման մեջ է, որը թույլ չի տալիս բնակչությանը ստանալ սնունդ, դեղորայք և էլեկտրաէներգիա:

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը, որով նա ասում է՝  ցանկանում է խաղաղության մեջ ապրել ԼՂ հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները։ Այդ բառերը Ադրբեջանի հանձնառությունն են, նրանք այսօր պատասխանատվություն են կրում բնակչության ճակատագրի համար: 

Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, բարեխղճորեն քննարկումներ ծավալել, որ չի գործադրի ուժ կամ ուժի սպառնալիք, կմտնի խաղաղ երկխոսության մեջ։ Այն պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների, ուժերի նկատմամբ, որոնք ընդունել են հրադադարը, պարտավոր է առանց ձգձգման ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Բացի այդ, Ադրբեջանը պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում, որը կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը։ Առանց այս երաշխիքների չի կարող լինել լուծում»,- հայտարարեց Կատրին Կոլոննան։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց՝ դժբախտաբար առաջին անգամ չէ, որ Ֆրանսիան այս խորհրդին տեղեկացնում է, թե որքան ծանր է իրավիճակը ԼՂ-ում, առաջին անգամ չէ, որ կոչ են արել խորհրդին ուժերը համախմբել՝ խուսափելով մարդկային դրամայից և Հարավային Կովկասում հետագա ապակայունացումից:

«Մենք չենք կարող պասիվ մնալ ներկայիս Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների նկատմամբ, եթե մենք դա անենք, հանցակից կլինենք բնակչության զանգվածային արտագաղթին: Բնակչություն, որը շատ է տառապել։ 

ԼՂ բնակչության մոտ 10 տոկոսը տեղահանվել է Ադրբեջանի հարձակողական գործողության հետևանքով: Այս խորհուրդը պարտավոր է ակտիվորեն շարունակել հանգուցալուծել ճգնաժամը, պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքները ՝ ակտիվորեն աջակցելով բանակցված լուծման պարամետրերի ձևակերպմանը Բաքվի և ԼՂ-ի միջև։

Պետք է զգոն մնալ, եթե որևէ փորձեր արվեն Հայաստանը ներքաշել այս ողբերգական իրադարձությունների մեջ և դա օգտագործել որպես պատրվակ` հարցականի տակ դնելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը: Փաշինյանը վերջին մի քանի ամիսներին ցուցաբերել է իր պատասխանատու մոտեցումը, ցանկությունը` գտնելու խաղաղ լուծում, որի հիմքում դրված կլինի հարգանքը և երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հստակորեն սահմանված, ապառազմականացված սահմաններով։

Ֆրանսիան ուժերը կենտրոնացրել է, մենք կշարունակենք դա անել, որպեսզի ապահովենք տևական և մնայուն խաղաղություն Հարավային Կովկասում՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների։»,- հայտնեց Կատրին Կոլոննան:

 

Placeholder