Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ․ Ռուբեն Վարդանյան
Քաղաքական
22:23 21/09/2023
ԼՂՀ

Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ․ Ռուբեն Վարդանյան

Այսօր ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է դուրս գա միայն գործողությունների կոչերից։ Այս մասին X -ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Այլևս ոչ մի դատարկ հռետորաբանություն, մեզ կոնկրետ քայլեր են պետք: Ներկայում 120.000 հայ գտնվում են ծանր վիճակում․ հարյուրավոր մարդիկ զոհվել, վիրավորվել և անհետ կորել են։  Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ:

Մեր ժողովրդին անհրաժեշտ են այնպիսի հիմնական միջոցներ, ինչպիսիք են պարենը, դեղորայքը, բժիշկները և հոգեբանները: Մենք պետք է տեսնենք միջազգային հանրության հավատարմությունը, ոչ թե նրա անտարբերությունը ։ Ռուսական խաղաղապահ ուժերը խիստ սահմանափակ են, և նույնիսկ նրանք կրակի տակ են հայտնվել մարդկանց օգնելու փորձի ժամանակ:

Եթե միջազգային հանրությունը շարունակի հանդես գալ միայն հայտարարություններով և խնդրանքներով, ապա զանգվածային էթնիկ զտումների վտանգը անխուսափելիորեն կմեծանա։ Մենք խնդրում ենք ձեզ ցույց տալ, որ բառերը կշիռ ունեն, և որ ագրեսիան և ուժի կիրառումը չեն կարող հանգեցնել կայուն խաղաղության:

Բռնապետները պետք է պատասխանատվության ենթարկվեն մարդկությանը պատճառած տառապանքների համար, և ցանկացած էթնիկ խմբի, տվյալ դեպքում՝ հայերի դեմ ուղղված ատելությունն անընդունելի է: Հրամայական է, որ դուք հիմա գործողություններ ձեռնարկեք»,- գրել է Ռուբեն Վարդանյանը։
 

Placeholder
Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ․ Ռուբեն Վարդանյան