ԿԽՄԿ-ն Արցախում սկսել է գրանցել երեխաներին ու հարազատներին փնտրող մարդկանց
Հասարակություն
15:35 23/09/2023
ԼՂՀ

ԿԽՄԿ-ն Արցախում սկսել է գրանցել երեխաներին ու հարազատներին փնտրող մարդկանց

Սեպտեմբերի 22-ին ԿՄԽԿ-ի թիմերը տարհանել են Արցախում վերջին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ինը քաղաքացու:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ թեև սեպտեմբերի 20-ին զինադադար է հայտարարվել, ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։

«Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպեց ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռների միաժամանակյա փոխադրում Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով: Այդ ժամանակից ի վեր ԿԽՄԿ-ն իրականացրել է հետևյալ մարդասիրական աշխատանքը.

- Շաբաթվա ընթացքում` ներառյալ սեպտեմբերի 22-ին, բժշկական պարագաներ են տրամադրվել ռազմական և քաղաքացիական հիվանդանոցներին,

- 28 հազար մանկական տակդիր է բաժանվել,

- 200 տաք ծածկոց է տրամադրվել ներքին տեղահանվածների ապաստարանին,

- 1000 լիտր դիզելային վառելիք է նվիրաբերվել ամենամեծ բժշկական կենտրոնին` գեներատորների անխափան աշխատանքը ապահովելու համար,

- 500 լիտր դիզելային վառելիք է տրամադրվել Ջրային կոմիտեին` քաղաքի ջրամատակարարումը էլեկտրական գեներատորների միջոցով կազմակերպելու համար:

Մեր թիմերը սկսել են նաև գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ: Բնակիչները նաև դիմել են ԿԽՄԿ՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով:

Տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վերջին ամիսներին ծանր է եղել՝ առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները գրեթե անհասանելի են եղել:

ԿԽՄԿ-ն նախատեսում է մեծացնել իր աջակցության ծավալները և բանակցություններ է վարում որոշում կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների մատակարարման վերաբերյալ«,- ասվում է ԿՄԽԿ-ի հաղորդագրությունում։

 

Placeholder
ԿԽՄԿ-ն Արցախում սկսել է գրանցել երեխաներին ու հարազատներին փնտրող մարդկանց