ԱՆ. Գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում տուժածների տեղափոխումը Հայաստան
Իրավունք
23:48 25/09/2023
Հայաստան

ԱՆ. Գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում տուժածների տեղափոխումը Հայաստան

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում  պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հայաստանի մասնագետները` այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ: Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում»,-նշել են  նախարարությունից` հավելելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

«Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,-գրել էր Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Placeholder