Սիրտս կոտրվում է. Հենրիխ Մխիթարյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Օրվա թեմա
11:12 26/09/2023
Աշխարհ

Սիրտս կոտրվում է. Հենրիխ Մխիթարյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է արցախցի բռնի տեղահանված երեխայի լուսանկարով ու գրել.

«10 ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժան հրետակոծել Լեռնային Ղարաբաղը։

Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:

Իրավիճակը, որով այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշողություններ է արթնացնում պատմության ամենամութ էջերից։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսանք հայտնում, որ ոչ ոք բավականաչափ բան չարեց դա կանգնեցնելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։

Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում` մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:

Այժմ հրատապ է՝ միջազգային առաջնորդները ոտքի կանգնեն՝ դադարեցնելու էթնիկ զտումները և օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։

Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»։

 

Placeholder