Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առանց ընդդիմության՝ ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
Ազգային ժողովում քննարկվում է Հռոմի ստատուտը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ կառավարության կողմից։ Նախագծի քննարկումն անցնում է առանց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների։
Հիմնական զեկուցող Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2004 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ Կանոնադրությամբ ստանձնվող որոշ պարտավորություններ ճանաչել էր 1995 թվականի Սահմանադրությանը հակասող:
«Այդ պատճառով կանոնադրության վավերացման գործընթացը կանգ էր առել։ Մեկ տարի առաջ կանոնադրության վավերեցման վերաբերյալ քննարկումները սկսվեցին, երբ որ Հայաստանի սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա, դրա ընթացքում կատարվեցին պատերազմական ծանրագույն հանցագործություններ նաև Հայաստանի սուվերեն տարածքում»,- ասաց Կիրակոսյանը։
Նա մանրամասնեց, որ Միջազգային քրեական դատարանն իր իրավազորության առարկայի շրջանակներում քննություն է իրակայացնում ծանրագույն միջազգային հանացագործությունների վերաբերյալ և միջազգայի քրեական դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հանցագործություններ կատարած անձանց, կոնկրետ խոսքը գնում է պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության հանցագործության մասին։ Կիրակոսյանն ասաց, որ 2010 թվականին կանոնադրության տեքստը փոփոխության է ենթարկվել, նոր հանցակազմ է ավելացվել՝ ագրեսիայի հանցագործություն, սակայն այս պահի դրությամբ ՀՀ ԱԺ ներկայացված նախագիծը վերաբերվում է կանոնադրությունը սկզբնական տեքսով, մինչև այդ փոփոխությունը, վավերացնելու հարցին։
«Նպատակը հիմնականում միտված է Ադրբեջանի կամ նրա զինծառայողների կողմից իրականացված պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսելուն։ Կարծում ենք և շատ հույսով ենք, որ այս վավերացման քայլով այն կունենա էական կանխարգելիչ ազդեցություն Հայաստանի տարածքում նմանատիպ ծանր հանցագործությունների կատարումը բացառելու և կանխարգելելու նպատակով»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։