Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալման և հարցաքննության նոր կադրերը:
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 9 հոդվածներով։ Երեկ հաղորդվել էր, որ ձերբակալված և Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանը փաստաբան ունի՝ Ալով Սաֆարալիևը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած լինելով՝ մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության տարածքում ագրեսիվ պատերազմական գործողություններին, զբաղվել վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ և ֆինանսավորմամբ, ինչպես նաև նրանց ներգրավել ռազմական հակամարտությունների և ռազմական գործողությունների մեջ»։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանին Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցները ձերբակալել են հոկտեմբերի 3-ին։
Ադրբեջանը գերեվարել և ձերբակալել է նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։
