Ճգնաժամային փուլից հետո հակված կլինենք աջակցելու միջնաժամկետից երկարաժամկետ հատվածում. Յանեշ Լենարչիչ
Քաղաքական
17:15 06/10/2023
ԼՂՀ

Ճգնաժամային փուլից հետո հակված կլինենք աջակցելու միջնաժամկետից երկարաժամկետ հատվածում. Յանեշ Լենարչիչ

«ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում այն արագ արձագանքը, որը ԵՄ-ն և նրա անդամ պետությունները ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքների հասցեագրման ուղղությամբ»,- ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեշ Լենարչիչի  հետ համատեղ ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ հանձնակատարի հետ քննարկել են բռնագաղթածներին աջակցության նպատակով ԵՄ-ի և Հայաստանի ջանքերը համաձայնեցնելու և  ստացված աջակցությունը բռնի տեղահանվածներին ուղղելու հարցում համագործակցության միասնական հարթակի ձևավորման և այդ ձևաչափով գործողությունների արդյունավետության բարձրացման հարցեր:

«Որպես առաջնային գերակայություն առանձնացրել ենք բռնագաղթած մեր հայրենակիցների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գնահատման կարևորությունը, դա այն հիմքն է, որ պետք է հնարավոր դարձնի բռնի տեղահանվածների  խնդիրների արդյունավետ լուծումը և հասանելի հումանիտար աջակցությունն ճիշտ օգտագործելու եղանակով արագացնի մեր հայրենակիցներին բնականոն կյանքի վերադրաձնելու ընթացքը»,-ասաց Խաչատրյանը:

Փոխվարչապետը նաև հայտնեց, որ քննարկումների ժամանակ կողմերը եկել են այն համաձայնության, որ ԵՄ-ն կշարունակի համակարգված աջակցություն ցուցաբերել բոլոր  անհրաժեշտ ուղղություններով:

«Համոզվածություն ենք հայտնում, որ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը էապես կնպաստի նրան, որ ՀՀ կառավարության  կողմից իրականացվող ծրագրերն առավելագույն արդյունավետությամբ լուծեն բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքները»,-խոսքն ավարտեց Տիգրան Խաչատրյանը:

Յանեշ Լենարչիչն էլ նշեց, թե ԵՄ-ն ակտիվացրել է քաղաքցիական պաշտպանության մեխանիզմները:

«Շատ ուրախ եմ, որ ԵՄ անդամ երկրները կարողացել են արձագանքել»,- ասաց ԵՄ հանձնակատարը և նշեց, որ բազմաթիվ երկրներ իրենց աջակցությունն են առաջարկել՝ հիգիենայի պարագաների, սննդի և դեղերի մասով:

Նա նաև տեղեկացրեց,  որ հիգիենայի պարագաները և դեղերն արդեն տրամադրվում են հիվանդանոցներին:

Թվարկելով բռնագաղթածներին օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած եվրոպական բոլոր երկրների անվանումները՝ Յանեշ Լենարչիչը հավելեց.«Այս ճգնաժամային փուլի հաղթահարումից հետո մենք հակված կլինենք աջակցելու միջնաժամկետից երկարաժամկետ հատվածում: Վերջում վերահաստատում եմ ԵՄ աջակցության պատրաստակամությունը»:

Placeholder
Ճգնաժամային փուլից հետո հակված կլինենք աջակցելու միջնաժամկետից երկարաժամկետ հատվածում. Յանեշ Լենարչիչ