«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել
Օրվա մամուլ
08:51 06/10/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայ ժողովուրդն այս օրերին թերևս պատմության ամենածանր և ամենաամոթալի էջերից մեկն է ապրում: Հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը, ամբողջությամբ հայաթափված է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ «գլխատված»:

Բազմաթիվ ծանր հանցագործությունների հեղինակ, մարդասիրական բոլոր նորմերը ոտնահարած ագրեսոր Ադրբեջանը առևանգել և շինծու մեղադրանքներով ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանին, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և Արցախի նախկին երեք նախագահներին:

Երեկ էլ Ադրբեջանն իր ներքին լսարանի քիմքը շոյելու, իսկ հայ հասարակության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար տարածել էր նախագահներին բերման ենթարկելու կադրերը:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այս տեսանյութերը, արձանագրեց, որ ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ակնոցի ապակին կոտրված է, իսկ մի տեսանյութում արդեն Հարությունյանի ակնոցը չկար: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ նրա նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՄԻՊ աշխատակազմ՝ պարզելու՝ արդյոք արձանագրել են բռնության այս ակնհայտ փաստը, և ինչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ: ՄԻՊ աշխատակազմից, հղում կատարելով սեպտեմբերի 29-ին տարածած իրենց հաղորդագրությանը՝ Ռուբեն Վարդանյանի գերեվարման վերաբերյալ, ասացին, որ գերեվարված պաշտոնյաների ու մյուս քաղաքացիների խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտ քայլեր ձեռնարկվում են:

Թե կոնկրետ ինչ և երբ են արել, օմբուդսմենի գրասենյակից չասացին: Թերևս առարկայական ոչինչ էլ չի անում ՔՊ-ի պաշտպան դատախազ օմբուդսմենը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder