Տիգրան Աթանեսյան. ՔԿ-ում փաստերն այնպես են մեկնաբանում, որ տպավորություն է՝ այդ մարդիկ սովորել են էստրադային քոլեջում
Իրավունք
13:14 07/10/2023
Հայաստան

Տիգրան Աթանեսյան. ՔԿ-ում փաստերն այնպես են մեկնաբանում, որ տպավորություն է՝ այդ մարդիկ սովորել են էստրադային քոլեջում

«Քննչական կոմիտեն ստանձնել է ստալինյան ՆԿՎԴ-ի դերը, այսինքն մարդ լինի, հոդված կգտնեն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա հայտարարեց, որ ՔԿ-ում քննված գործի շրջանակում մանրազինին ուսումնասիրել են Արմեն Աշոտյանի՝ վերջին տասը տարվա գործունեությունը, ոչինչ չեն գտել։

«Մարդկանց մոտ մտայնություն կա, որ եթե եղել է նախարար, վրան մի բան կգտնեն։ Բառիս բուն իմաստով, բան չեն գտել։ Այս պրոցեսը շուտվանից է՝ 2019-ից։ ԱԱԾ-ն քննել է, ոչինչ չի գտել, այսինքն գտել է այն, ինչ կա։ Համարել են հանցագործություն չկա։ Այնուհետև Հատուկ քննչական ծառայությունը, Հակակոռոպցիոն կոմիտեն քննել են, քննել, ու գործը կարճման եզրին էր։ Այնուհետև գործը փոխանցվեց Քննչական կոմիտե»,-գործի պատմությունը ներկայացրեց Աթանեսյանը։

Բանախոսն ասաց՝ ՔԿ-ում փաստերն այնպես են մեկնաբանում, որ իր մոտ տպավորություն է՝ այդ մարդիկ սովորել են էստրադային քոլեջում։

«Ցանկացած հանցանք պետք է ունենա հանրային վտանգավոր հետևանք, սա սովորեցնում են երկրորդ կուրսում։ Ինչ են ասում Աշոտյանի գործով, եղել է գումար, առել են գույք, որը պետք չի եղել։ Իրոք, գույքը առել են, այն հիմա օգտագործվում է Բժշկական համալսարանի կողմից, այն թանկացել է, արժե երկու անգամ ավելի։ Այսինքն, մարդուն պետք է շնորհակալություն ասել, որ հիմար միջոցառումների համար չի մսխել գումարը։ Հիմա ինչո՞ւ եք մեղադրում մարդուն, գումարը չի մսխվել, գույքը կա, օգտագործվում է նույն սեփականատիրոջ կողմից և արժե ավելի թանկ։ Եթե մեկն ասյտեղ տեսնումէ  հանցանք, ես իր հետ չեմ կարող բանավիճել, քանի որ նա պարզապես իրավաբան չէ»,-ասաց Աթանեսյանը։
 

Placeholder
Տիգրան Աթանեսյան. ՔԿ-ում փաստերն այնպես են մեկնաբանում, որ տպավորություն է՝ այդ մարդիկ սովորել են էստրադային քոլեջում