Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ վիճակում են Իսրայելում ապրող հայերը. Ներկայացնում է Արտյոմ Չերնամորյանը
Իսրայելի տարածքում ապրում է 10 հազար հայ։ Իսրայելի այն շրջանները, որոնք հրթիռակոծվում են ՀԱՄԱՍ խմբավորման կողմից, ապրում է 3500 հայ։ Panorama.am-ի հետ զրույցում «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ և «Israelahayer» («Իսրայելի հայերը») պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանն ասաց, որ Իսրայելի հարավային շրջաններում, որտեղ ամենածանր վիճակն է, ապրում է մոտ 500 հայ, նրանք ռմբապաստարաններից դուրս չեն գալիս։
«Իրավիճակը ծանր է երկրի հարավային քաղաքներում։ Հրթիռային հարձակումներ են տեղի ունենում, մարդիկ ռմբապաստարաններից դուրս չեն գալիս, երեխաների համար առաջին անհրաժեշտության ապրանքները գնելու դժվարություններ ունեն։ Ոստիկանությունը թույլ չի տալիս մարդ գնա ու նրանց օգնի, ամբողջը թիկունքի ծառայություններն են ապահովում»,- փոխանցեց նա։
Ա. Չերնամորյանն ասաց, որ հայերի շրջանում զոհեր, վիրավորներ չկան։ Այն շրջանները, որոնք հրթիռակոծվում են, հայ համայնքը եկեղեցիներ կամ հուշակոթողներ չունի, հիմնական մասը Երուսաղեմում են, որտեղ, նրա խոսքով, արաբներն ավելի շատ ներքին խժդժություններ են կազմակերպում, լարում իրավիճակը, բայց չեն հրթիռակոծում։
Երկրի կենտրոնական հատվածներում` Երուսաղեմ, Թել Ավիվ, Պետախ-Տիկվա և այլ բնակավայրեր, ապրում է մոտ 3000 հայ։
«Պետախ-Տիկվայում հիմա համեմատաբար հանգիստ է։ Երեկ երեկոյան կենտրոնական քաղաքների վրա ուժեղ հարձակում եղավ, իրավիճակը լարված էր, բայց գիշերը հանգիստ էր, ստիպված չեղանք իջնել ռմբապաստարաններ, երեխաները կարողացան հանգիստ քնել»,- ասաց Ա. Չերնամորյանը։
Նա ասաց, որ Պետախ-Տիկվա հայերով բնակված ամենամեծ քաղաքն է, 1000 հայ կա, քաղաքում կա Հայոց ցեղասպանության հուշարձան, Ազնավուրի անվան հրապարակ։
«Պատրաստակամություն ենք հայտնել քաղաքային իշխանությանը օգնելու զինվորների համար սնունդ տրամադրելու հարցում։ Իսրայելի շատ հայազգի քաղաքացիների որդիներ ծառայել են իսրայելական բանակում։ Այս պատերազմի պատճառով հավանաբար մոբիլիզացիա կլինի ու նրանք էլ կզորակոչվեն, քանի որ հայերը շատ լավ մասնագետներ են»,- նշեց «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահը։
Նրա խոսքով, լուրեր են տարածվել, որ խանութներում աժիոտաժ է, մարդիկ լարված են, մտավախություն ունեն, որ պատերազմը կարող է ձգձգվել, սննդամթերք են փորձում ձեռք բերել։
Ա. Չերնամորյանը ցավով նշեց, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք ասում են՝ «լավ են անում Իսրայելի հետ»։
«Իսրայելի հասարակ ժողովրդի մի մասը դեմ է իր կառավարությանը, համաձայն չէ, որ Իսրայելի կառավարությունն, իր շահերից ելնելով, համագործակցում է Ադրբեջանի հետ, բայց այս պետության նավթի 40 տոկոսը ստացվում է Ադրբեջանից։ Պետք է հարցին բազմակողմանի նայել ու չուրախանալ հրեա ժողովրդի ողբերգությունից»,- ասաց նա։
Ա. Չերնամորյանը լավ լուրեր լսելու հույս չունի, սակայն ամենաշատը մտահոգվում է ոչ թե Իսրայելի համար, այլ Հայաստանի, որ հանկարծ Հայաստանը որևէ կերպ չբախվի այս պատերազմին. «Եթե Նեթանյահուի ամբիցիաները բոլոր սահմաններն անցնեն, հնարավոր է Ադրբեջանի տարածքը օգտագործելով՝ հարվածներ հասցնեն Իրանի միջուկային ռեակտորներին, գործարաններին, որը կպայթեցնի ողջ տարածաշրջանը, Հայաստանը գլխավոր տուժողներից կլինի թուրք-ադրբեջանա-իրանական տանդեմի դիմաց»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից հրթիռային հարձակման է ենթարկվել։ Ռազմական գործողությունները շարունակվում են, Իսրայելի զոհված բնակիչների թիվը գերազանցում է 700-ը։