Արթուր Չախոյանի դեմ հարձակման գործով ձերբակալված չկա. Նոր մանրամասներ
Քաղաքական
15:20 10/10/2023
Հայաստան

Արթուր Չախոյանի դեմ հարձակման գործով ձերբակալված չկա. Նոր մանրամասներ

Արթուր Չախոյանի դեմ հարձակման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Panorama.am-ին  հայտնեցին քննչական կոմիտեից ու մանրամասնեցին՝ երկու վարույթ է նախաձեռնվել, քանի որ երկու հաղրոդում է ստացված եղել։ 

«Ձերբակալված անձ չկա»,-հայտնեցին ՔԿ-ից։

Կոմիտեից մանրամասնեցին՝ որ հոկտեմբերի 9-ին երեկոյան, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Չախոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքն ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ նրանք դիմել են փախուստի: Այդ ընթացքում նրանցից մեկը, ով սայթաքել և ընկել է, դանակով փորձել է հարվածել իրեն, սակայն ինքը, նրա ձեռքից բռնելով, խլել է այն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել առերևույթ դանակով հարձակված անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ։

Նույն օրը, երեկոյան, ավելի ուշ, հաղորդում է ստացվել է նաև Երևան քաղաքի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչում:

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքն ստացել է մարմնական վնասվածքներ:

Առաջին հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, իսկ երկրորդ հաղորդման հիման վրա՝ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնք,  օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում՝ համատեղ քննություն կատարելու համար:

Հաղորդում ներկայացրած երկու անձանց նկատմաբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի իրական հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին ներգրավված բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։ 


Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանին մշտապես քննադատող Արթուր Չախոյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իր վրա են հարձակվել երեք երիտասարդներ, որոնցից մեկին կարողացել է բռնել։ Երիտասարդի մոտ նա դանակ է հայտնաբերել, ապա զանգահարել է ոստիկանություն։

«Քեզ Ավինյա՞նն է ուղարկել, արա»,-տեսանյութում հարցնում է Չախոյանը գետնին ընկած երիտասարդին։

Ավինյանն այսօր հայտարարեց, որ դեպքի մանրամասներին ծանոթ չէ։

Placeholder
Արթուր Չախոյանի դեմ հարձակման գործով ձերբակալված չկա. Նոր մանրամասներ