«Հրապարակ». Ինչ կստանա «Հանրապետություն» կուսակցությունը ՔՊ-ին աջակցելու դիմաց
Օրվա մամուլ
08:57 10/10/2023
Հայաստան

«Հրապարակ». Ինչ կստանա «Հանրապետություն» կուսակցությունը ՔՊ-ին աջակցելու դիմաց

«Հրապարակ» թերթը գրում է.

««Քաղպայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև առևտուրը թեպետ չի ավարտվել, բայց խոսվում է, որ ՔՊ-ին աջակցելու դիմաց՝ 3 թաղապետի, 1 փոխքաղաքապետի պաշտոն է հասնելու վերջինիս, ինչպես նաև՝ Երևանի ենթակայությամբ գործող հիմնարկներում յուրայիններին աշխատանքի տեղավորելու հնարավորություններ։

Թեպետ ավելի վաղ խոսվում էր, որ փոխքաղաքապետի պաշտոնի հավակնորդն Արամ Սարգսյանի հավատարիմ զինակից Անի Խաչատրյանն է, սակայն ՔՊ-ում դեմ են նրա թեկնածությանը, և հնարավոր է այդ պաշտոնը հասնի ցուցակի 2-րդ համարին՝ Սարգիս Մադաթյանին։ Նա տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի եղբորորդին է, ժամանակին՝ Էրեբունու ընտրական «տասովշչիկներից»։

Հավանաբար, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ևս ՔՊ-ն կզիջի «Հանրապետությանը»։ Բայց դեռ ոչինչ վերջնական չէ՝ քննարկվում է նաև փոխքաղաքապետի պաշտոնը ՔՊ-ին տալու տարբերակը, այդ դեպքում Մադաթյանն Էրեբունու թաղապետ կնշանակվի։

Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Մալաթա-Սեբաստիան և Արաբկիրը Զավենիչին հանձնելու հարցը, անգամ Մալաթիայի թաղապետի թեկնածուների անուններ են հնչել՝ Լեդի Հակոբի որդին կամ ԵԿՄ կենտրոն տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Խաչատրյանը։ «Հանրապետությունը», ըստ մեզ հասած լուրերի, նախընտրում է Կենտրոն, Նոր Նորք և Արաբկիր համայնքները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder