Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևան քաղաքի կառավարումն իրականացնելու են ՔՊ-ն ու «Հանրապետությունը»
««Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քիչ առաջ քաղաքապետ ընտրված ՔՊ-ական Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ Երևան քաղաքի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով։
Ասուլիսի ընթացքում հուշագիրը ստորագրեցին Տիգրան Ավինյանն ու Արտակ Զեյնալյանը։
«Հուշագիրը նշանակում է, գործադիրում նշանակումները կատարվելու են միասին ու փոխհամաձայնեցված։ Կառավարումն իրականացնելու են այս երկու խմբակցությունները միասին։ Բոլոր մանրամասները պարզ կլինեն հետագայում, ներքին քննարկումների արդյունքում մենք կներկայացնենք դրանք»,-ասաց Ավինյանը։
«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն ասաց՝ հուշագիրը ստորագրելիս առաջնորդվել են Երևանի, Հայաստանի շահով, Սահմանդրությամբ, ժողովրդական, իրավական ետության հիմնարար սկզբունքներով։
«Գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանդրական վիճակ է, քան իշխանություն չունենալը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոններն էին ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանն ասաց՝ պաշտոնը կարկանդակ չէ, ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում։
«Եվս մեկ անգամ կրկնեմ, դա շնորհ, պարգև չէ՝ որևէ մեկին տրված։ Դա պատասխանատվության ստանձնում է։ «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Զեյնալյանը։