Արցախցիների գրավադրված ոսկիները «Արցախբանկը»  վերադարձնում է
Հասարակություն
11:01 12/10/2023
Հայաստան

Արցախցիների գրավադրված ոսկիները «Արցախբանկը» վերադարձնում է

Հոկտեմբերի 11-ից սկսած Արցախբանկի այն հաճախորդները, ում չի հաջողվել Արցախում ստանալ գրավադրված ոսկյա իրերը, կարող են անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալ Բանկի Նաիրի մասնաճյուղ (հասցե՝ ք.Երևան 0001, Սայաթ-Նովա պող. 10/1): Նման հայտարարութուն է տարածել Արցախբանկը։

Բանկից հայտնում են, որ  Ստեփանակերտ քաղաքում արդեն իսկ 400-ից ավել վարկառուների վերադարձրել է վերջիններիս կողմից գրավադրած ոսկյա իրերը, ինչպես նաև նախատեսում է 500-ից ավել հաճախորդների ևս վերադարձնել:

«Նպատակ ունենալով որոշակի չափով աջակցել 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին՝ Բանկը վերադարձնում է Արցախում տրամադրված ոսկու գրավով վարկերի համար գրավադրված ոսկյա իրերը առանց հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների մարմանը»,-ասվածէ  բանկի հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է վերջերս ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը Մարտունու մասնաճյուղում գրավադրված ոսկյա իրերի գողության վերաբերյալ, Բանկից տեղեկացնում են, որ դեպքի փաստով 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ. «Անհիմն շահարկումներից խուսափելու համար խնդրում ենք հետևել բացառապես Բանկի պաշտոնական հաղորդագրություններին»։

Placeholder