Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
15:14 17/10/2023
Հայաստան

Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի  86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն չի արել»,- Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ վերջերս Ալիևը հայտարարել է՝ ճանաչում է  ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց  չի հիշատակել 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը, ինչը որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն և հիմք  է առաջացնում, թե նա հատուկ երիմաստություններ է թողում Հայաստանի  նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար։

Նա նշեց, որ «մենք պատրաստ եք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև անկլավների հարցը, ինչպես հայտարարել է հոկտեմբերի 10-ին»։

«Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել։ Մենք այս տարվա ընթացքում Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք, և եթե սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն`մինչև տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական», - ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ  ՀՀ-ն պատրաստ է նաև բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ է նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: Նա ասաց, որ Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած:

«Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ։ Ի հեճուկս այս ամենի, մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն:

Դա անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և ես ու Հայաստանի կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունն այդ քաղաքական կամքը ունենք», - ասաց նա։

 

Placeholder
Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած. Նիկոլ Փաշինյան