Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է։ Այս մասին «Թրենդ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է, որը կանգնեցվել է 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի շարքի հիման վրա։ Այս հարցը վստահվել է Եռակողմ աշխատանքային խմբին, որը համանախագահում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։ Մինչ օրս կայացել է խմբի 12 հանդիպում (վերջինը՝ հունիսի 2-ին), մանրամասն դիտարկվել է երկաթուղային և ճանապարհային երթուղիների հեռանկարային փաթեթը»,-ասել է Զախարովան։
Նա նշել է, որ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման արդյունքներով առաջընթաց է նախանշվել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում։
«Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ–Ջուղա–Մեղրի–Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։ Մեր աշխատանքում մենք ելնում ենք փոխադարձության, երկու երկրների ինքնիշխանության և իրավասության նկատմամբ հարգանքի սկզբունքներին հետևելու անհրաժեշտությունից»,-հավելել է Մարիա Զախարովան։
Նա նաև ասել է, թե՝ հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակման ճանապարհին հաջողությունը լրացուցիչ խթան կհաղորդի այլ ոլորտներում եռակողմ աշխատանքին։ Դա վերաբերում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և հասարակական ակտիվիստների և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկին։