Փաշինյանը հրապարակել է խաղաղության  երկու սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ
Քաղաքական
14:49 26/10/2023
Տարածաշրջան

Փաշինյանը հրապարակել է խաղաղության երկու սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ

««Խաղաղության խաչմերուկը» խաղաղության օրակարգի անբաժան մասն է: Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին»,-Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։

Նա ներկայացրել  է խաղաղության  երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ։

«- Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86 հազար 600: Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն:

- Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ալմա-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է.

- Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար՝ Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Ինչպես ասացի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր:

Հույս ունեմ՝ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին:

Վերադառնալով «Խաղաղության խաչմերուկին», պիտի արձանագրեմ, որ այն լիարժեք կերպով ներգրվում է Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ և ուրախ կլինենք Հայաստանի տարածքում ընդունել և անվտանգ ճանապարհել մարդկանց, տրանսպորտային միջոցներ, բեռներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր: Եվ ամփոփելով` ուզում եմ հաջողություն մաղթել «Մետաքսի ճանապարհ» համաժողովին և ցանկանալ արդյունավետ աշխատանք».-ասել է նա իր ելույթում։

Placeholder
Փաշինյանը հրապարակել է խաղաղության երկու սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ