Սերգեյ Սմբատյանն արդարացվեց
Իրավունք
16:30 30/10/2023
Հայաստան

Սերգեյ Սմբատյանն արդարացվեց

Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց։ Այս մասին  տեղեկացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,-մանրամասնել է Վարոսյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 29-ին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն . «Քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:

Հսկող դատախազի 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումներով՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), Ս.Ս.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն):

 Հուլիսի 29-ին Ա.Ս.-ն և Ս.Ս.-ն ձերբակալվել են, ապա կալանավորվել։

Placeholder
Սերգեյ Սմբատյանն արդարացվեց