ԿԳՄՍ նախարարությունը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին
Կրթություն, գիտություն
15:01 31/10/2023
Հայաստան

ԿԳՄՍ նախարարությունը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը հեռացվել է աշխատանքից, ինչի մասին նա հայտնել էր երեկ՝ ֆեյսբուքյան գրառմամբ, իսկ այսօր արդեն Panorama.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել։ 

Panorama.am-ը դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ պարզաբանում ստանալու Անի Եղիազարյանի՝ աշխատանքից հեռացման պատճառների մասին։ 

ԿԳՄՍՆ պարզաբանման մեջ նշված է. ««Հովհ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը 2023 թ. սեպտեմբերի 5-ի գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը Ուրուգվայի Հանրապետություն և Արգենտինայի Հանրապետություն մեկնելու թույլտվության խնդրանքով՝ գիտաժողովների մասնակցելու նպատակով։

2023 թ. սեպտեմբերի 9-ի գրությամբ ԿԳՄՍ նախարարությունը նրան  պատասխանել է, որ նպատակահարմար չի գտնում թանգարանի սուղ  ֆինանսական միջոցների հաշվին 2023 թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը (23 օր) թանգարանի տնօրենի գործուղումը կազմակերպել Ուրուգվայի Հանրապետություն և Արգենտինայի Հանրապետություն՝ հաշվի առնելով նաև թանգարանի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Բացի գրավոր պատասխանից՝ Անի Եղիազարյանին աշխատանքային կարգով մեկ անգամ ևս տեղեկացվել է նախարարության դիրքորոշման մասին՝ առաջարկելով կրճատել ժամկետները։

Սակայն 2023 թ. սեպտեմբերի 16-ին (ոչ աշխատանքային օրով) նախկին տնօրենը  նույն ժամանակահատվածի համար (սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը) մեկնելու թույլտվության խնդրանքով կրկին դիմել է ԿԳՄՍՆ: Չսպասելով նախարարության պատասխանին (դրական և/կամ բացասական) և առանց համապատասխան հրամանի ու թույլտվության՝ նա ինքնակամ մեկնել է երկրից՝ թողնելով թանգարանն առանց կառավարման և կոպտորեն խախտելով ՀՀ աշխատանքային օրենսդրությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:

Միաժամանակ հավելենք, որ պետական քաղաքականության առաջնահերթություններից է հայկական մշակույթի հանրահռչակումն արտերկրում»։
 

Placeholder
ԿԳՄՍ նախարարությունը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին