Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» կտավը աճուրդի է հանվել 20 միլիոն դոլարով
Մշակույթ
12:38 31/10/2023
Աշխարհ

Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» կտավը աճուրդի է հանվել 20 միլիոն դոլարով

Ամերիկահայ հանրահայտ նկարիչ Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» (1946 թ) կտավը Նյու Յորքում նոյեմբերի 9-ին նախատեսված Christie’s-ի «20-րդ դարի արվես» աճուրդի թոփ-լոտերից է։ Փորձագետները նկարը նախնական գնահատել են 20 միլիոն դոլար։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, եթե կտավը վաճառվի այդ գնով, ապա այն կդառնա Արշիլ Գորկու՝ աճուրդներում վաճառված ամենաթանկ ստեղծագործությունը։  Առայժմ նկարչի ամենաթանկ կտավը համարվում է «Բարի օր, տիկին Լինքոլն» (1944 թ.) կտավը, որը Christie's-ում վաճառվել է 2018 թվականին 14 միլիոն դոլարով։

Կտավը ճանաչված կոլեկցիոներ Դեյվիդ Գեֆֆենի հավաքածուից է:

1946 թվականի հունվարին Գորկու արվեստանոցում բռնկվում է հրդեհ,  այրվում են նկարչի 20 կտավները, գրքերը: Ժամանակ չկորցնելով՝ նա նոր ստուդիա է վարձակալում և սկսում աշխատել։ Իսկ նոր ստեղծած աշխատանքներն էլ խորհրդանշում էին վերածնունդ, որոնցով էլ նկարիչն իր ուրույն տեղը հաստատեց 20-րդ դարի արվեստում:  Ստեղծած նկարների թվում էին երեք կտավներ՝ «Ածխացած սիրահարները» վերնագրով։

Christie's-ի կայքում Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I»  աշխատանքն աճուրդում ներկայացնելու մասին նյութը վերնագրված է՝ «Ամենահիասքանչ փյունիկ». ինչպես Արշիլ Գորկին վեր հառնեց մոխիրներից՝ գլուխգործոց ստեղծելու համար»։

Placeholder