«Ժողովուրդ». ՔՊ-ական կին պատգամավորները տուն գնելուց հետո ԱԺ-ից տան վարձավճար են ստացել
Օրվա մամուլ
09:05 01/11/2023
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ական կին պատգամավորները տուն գնելուց հետո ԱԺ-ից տան վարձավճար են ստացել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը այսօր մեզ փոխանցեց իր վրդովմունքը, թե «Ժողովուրդ» օրաթերթը նյութ է հրապարակել, որ ինքը տուն է գնել ու միաժամանակ ԱԺ-ից տան վարձավճար է ստացել: «Սու՛տ. հերյուրանքներ եք գրել: Ես և Արփին (նկատի ուներ Արփի Դավոյանին), երբ բնակարան ենք գնել, այլևս տան վարձավճար չենք ստացել…»,– ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց պատգամավորը:

Կրկին ուսումնասիրեցինք փաստաթղթերը, ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցման պատասխանները, և պարզեցինք, որ Լիլիթ Ստեփանյանը 2019 թվականից մինչև 2022 թվականը, ամեն ամիս տան վարձավճարի փոխհատուցում է ստացել: Այսինքն՝ նա 2020-ի ապրիլի 1-ին տուն է գնել, բայց ե՛ւ 2020-ին, ե՛ւ 2021-ին նաև տան վարձի գումար է ստացել պետբյուջեից: Իսկ Արփի Դավոյանի դեպքում իրավիճակն ավելի դրամատիկ է. նա 2019 թվականից մինչև 2023 թվական՝ հիմա, տան վարձավճարի փոխհատուցում է ստանում ՀՀ Ազգային ժողովի բյուջեից: Այսինքն՝ 2021 թվականին և՛ տուն է գնել, և՛ տան վարձավճար է ստանում:

Եվ մեզ մնում է միայն հավելել, որ ստում էր պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, երբ ասում էր, թե` ես և Արփին տուն գնելուց հետո վարձավճարի փոխհատուցում չենք ստացել: Ստացե՛լ եք: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ կան պաշտոնական փաստաթղթեր, որոնք ստացել ենք ՀՀ Ազգային ժողովի լրատվական վարչությունից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder