Հույսի ու հավատի մասին. «Ոստրեն ու Մարգարիտը»՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի բեմում
Մշակույթ
14:38 06/11/2023
Հայաստան

Հույսի ու հավատի մասին. «Ոստրեն ու Մարգարիտը»՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի բեմում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 22-ին պրեմիերա է՝ Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» մեկ գործողությամբ դրաման։  Այն նվիրված է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։

Ներկայացման բեմադրության հեղինակը Արեն Օսիպյան է։ Դերերում՝ Սարգիս Ավետիսյանը, Սարգիս Ալեքյանը, Մարիամ Ղևոնդյանը, Նոնա Սաֆարյանը, Վահրամ Խառատյանը, Արթուր Պապիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, Համլետ Գյուլզադյան, Էլֆիք Զոհրաբյան և ուրիշներ։ Պիեսը թարգմանել է Էլֆիք Զոհրաբյանը։

«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանման խորհուրդը: Ընտանեկան դժվարին իրավիճակը գրողը ներկայացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմունքների ու ապրումների միջոցով: Անհոգ երեխան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում, և մոռանալով իր մանկական խաղերն ու անհոգությունը՝ երեխան մտածում է միայն հորը տուն վերադարձնելու մասին: Սարոյան գրողի բարությունը չէր կարող անհայր թողնել փոքրիկ հերոսին: «Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավագույն սիմվոլիստական գործերից:

Panorama.am-ը հետաքրքրվեց բեմադրության հեղինակ Արեն Օսիպյանից, թե ինչո՞ւ է ընտրվել հենց այս թեման, արդյո՞ք զուգահեռներ կան այսօրվա մեր իրականության հետ, հույսն այսօր բացակայո՞ւմ է և դրա կարիքն ունե՞նք։

«Արդեն ասացիք՝ միանշանակ  այսօրվա մեր օրերի հետ կապ ունի։ Պիեսի ընտրությունը կապված է, որ մեծանուն Սարոյանի 115-ամյակն է, բացի այդ, այդ գործը վաղուց ընթերցել էի ու, այսօրվա օրերից ելնելով, մեր երեխաների հույսն ու հավատը պետք է մենք մեր գործով ապահովենք, որ երբեք չկորցնեն իրենց հույսը»,- ասաց Օսիպյանը։

Նա նաև նշեց, որ պիեսում որոշակի փոփոխություններ է արել, ավելացվել են կերպարներ՝ փորձելով ավելի նորովի մոտեցում ցուցաբերել։

«Դերեր են, որոնք մեծ ասելիք ունեն այսօրվա, մեր իրականության մասին»,- ասաց Արեն Օսիպյանը։

«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսը լինելու է թատրոնի խաղացանկում։ Այն նաև կներկայացվի Երևանում։

Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ասաց, որ ներկայացումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ «Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանն  իրականացրել է  «Թատերական Երևան» խորագրով դրամաշնորհային մրցույթը։ 23 հայտ էր ներկայացվել, ընտրվել էր 9-ը։ Ընտրված թատերական նախագծերից էր Վանաձորի դրամատիկական թատրոնի «Ոստրեն և Մարգարիտը» ներկայացումը»,- ասաց Գ.Փելեշյանը։

Նա նաև հայտնեց, որ պրեմիերային՝ նոյեմբերի 22-ին, թատրոնի ճեմասրահում նաև սարոյանական ցուցադրություն է լինելու։ 

 

Placeholder
Հույսի ու հավատի մասին. «Ոստրեն ու Մարգարիտը»՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի բեմում