«Ժողովուրդ». Հովհաննիսյան-Գրիգորյան հարաբերությունները մի օր պայթելու են
Օրվա մամուլ
08:47 07/11/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Հովհաննիսյան-Գրիգորյան հարաբերությունները մի օր պայթելու են

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։ Վերջինս, սակայն, հաջորդ օրը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե ազատման դիմում չի գրել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա՝ աշխատանքից ազատման շուրջ լուրջ խմորումներ են գնացել քաղաքապետարանում: Բանն այն է, որ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետերի նշանակումից հետո բաժանումներ է արել, թե նրանցից ով որ ոլորտը պետք է համակարգի: Ըստ այդմ, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը պետք է քաղշին ոլորտը վերահսկեր: և, ահա, Լևոն Հովհաննիսյանն իր մոտ է կանչել Խորեն Գրիգորյանին ու ասել, որ այսուհետ պետք է հաշվետու լինի իրեն, պահանջել է նաև այսուհետ իրեն ցույց տալ շինթույլտվությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

Մշտապես ինքնագործունեությամբ զբաղվող Խորեն Գրիգորյանին դուր չի եկել, որ իրեն պետք է այսուհետ վերահսկի Հովհաննիսյանը, և նա «սպառնացել է», թե ազատման դիմում կգրի: Այդ խոսակցության ընթացքում Հովհաննիսյանի աշխատասենյակում թեժ կռիվ է սկսվել:

Ավելի ուշ Տիգրան Ավինյանն իր մոտ է կանչել Լևոն Հովհաննիսյանին և Խորեն Գրիգորյանին ու ասել է՝ պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները ու նորմալ աշխատեն միասին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, այդ օրը՝ մինչև ուշ ժամ, քաղաքապետարանում լարված իրավիճակ է եղել:

Երկար խոսակցություններից հետո Խորեն Գրիգորյանը հետ է կանգնել իր «սկզբունքային» որոշումից: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թեև իրավիճակը ժամանակավորապես հարթվել է, բայց Հովհաննիսյան-Գրիգորյան հարաբերությունները մի օր պայթելու են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder