Մեր ուղերձն Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում ծանր հետևանքներ կունենա.Բորել
Քաղաքական
21:12 13/11/2023
Տարածաշրջան

Մեր ուղերձն Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում ծանր հետևանքներ կունենա.Բորել

Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրա քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին Բրյուսելում արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է համայնքային դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք կուսումնասիրենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը»,- ասաց նա։

Բորելն ասել է, որ ԵՄ-ն հստակ զգուշացրել է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»:

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանին ապակայունացնելու ցանկացած փորձի դեմ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, և մեր ուղերձը Ադրբեջանին հստակ է՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է լինելու և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա»,-նշել է նա:

Դիվանագիտության ղեկավարը կոչ է արել վերսկսել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։ Նա տեղեկացրեց նաև, որ նախարարները պայմանավորվել են հրավիրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի հաջորդ նիստին։

Placeholder