Զինված ուժերում այս տարվա 10 ամիսներին մահացել է 74 զինծառայող, ավելացել է ինքնասպանությունների թիվը
Իրավունք
15:06 14/11/2023
Հայաստան

Զինված ուժերում այս տարվա 10 ամիսներին մահացել է 74 զինծառայող, ավելացել է ինքնասպանությունների թիվը

Պաշտպանության նախարարությունը շարունակում է թաքցնել զինված ուժերում զոհերի, ինքնասպանությունների ու սպանությունների թիվը։

Այս տարվա հոկտեմբերի 30-ին Panorama.am-ը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել պաշտանության նախարարություն, որտեղ ներառված էին հետևյալ հարցերը.

1.      2023 թ. հունվար-հոկտեմբերի 30-ն ընկած հատվածում ՀՀ ԶՈՒ քանի՞ զինծառայող է մահացել։

2.      2022 թ. հունվար- հոկտեմբերի 30-ն ընկած հատվածում մահացած զինծառայողներից քանի՞սն են ժամկետային։
3.      2023 թ. հունվար- հոկտեմբերի 30-ն  ընկած հատվածում մահացած զինծառայողներից քանի՞սն են զոհվել մարտական հերթապահություն իրականացնելիս, քանի՞սը՝ խաղաղ պայմաններում, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով։
4.      Մահացած զինծառայողներից քանի՞սն են ինքնասպանություն գործել։
5.      2023 թ. հունվար- հոկտեմբերի 30-ն ընկած հատվածում վարժական հավաքների քանի՞ մասնակից է մահացել։ Խնդրում եմ նշել նաև մահվան պատճառների վիճակագրությունը։
6.      Ի՞նչ է անում ՊՆ-ն կանխելու զինծառայողների մահվան դեպքերը։

Երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 13-ին ՊՆ գլխավոր քարտուղար Հ. Բատիկյանի ստորագրությամբ խմբագրությունը ստանում է պատասխան, որտեղ մասնավորապես ասված է.

«ՀՀ զինված ուժերում հրազենային վիրավորման հետևանքով զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություններ։

Արտակարգ դեպքերի, իրավախախտումների կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի  համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարության, զորամիավորումների և զորամասերի հրամանատարության, ինչպես նաև ռազմական ոստիկանության  ղեկավարության կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում են պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումներ»։

Ըստ էության, ոչինչ չասող,  ընդհանուր պատասխան, որը կարելի էր տալ մի քանի րոպեում, ոչ թե 14 օրում և կարող էր տալ ցանկացած գերատեսչություն ուղղված հարցերի վերաբերյալ։

Panorama.am-ի հետ զրույցում ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը նշեց՝ նախարարությունը տարածում է հաղորդագրության մահվան այն դեպքերի վերաբերյալ, որոնք համարվում են ծառայության հետ կապված։

Գրասենյակը պետական մարմիններին՝ ՊՆ, Գլխավոր դատախազություն  ուղղված հարցումների, ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների արդյունքում ամփոփել է, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում զինված ուժերում 74 զինծառայող է մահացել։

«Սեպտեմբերի դրությամբ պետական կառույցների ստացած պաշտոնական թվերի համաձայն, ԶՈւ-ում գրանցվել է մահվան 72 դեպք։ Եթե ներկայացնենք ըստ պատճառների, ապա մարտական պայմաններում՝ հրադադարի խախտման հետևանքով զոհվել է 19 զինծառայող,  մահվան 55 դեպքերն արձանագրվել են ոչ մարտական պայմաններում»,-ասաց Ն. Մովսեսյանը։

Համեմատության համար գրասենյակից ներկայացրեցին, որ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր  ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան 56 դեպք, որից 14-ը՝ մարտական պայմաններում, 42-ը՝ ոչ մարտական։

«Այսինքն, 2023 թվականին ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թիվն ավելացել է 31 տոկոսով։ Սա պայմանավորված է հունվարին Ազատ գյուղի կացարանում տեղի ունեցած հրդեհով, որի հետևանքով մահացան 15 զինծառայողներ։ Սա ցույց է տալիս, որ մեծ խնդիր կա անվտանգության կանոնների պահպանության համապատասխան ենթակոռւցվածքների բացակայության հետ կապված»,-նշեց նա։

Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգողը մտահոգիչ է համարում  ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերը.  «Այս տարվա ընթացքում արդեն իսկ ունենք ինը դեպք,  որոնք որակվել են ինքնասպանություն, մինչդեռ 2022-ի ողջ ընթացքում գրանցվել էր վեց դեպք։ Սա շատ  լուրջ խնդիր է,բանակում  ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք։ Նման գործերը պետք է  համապատասխան քննության ենթարկվեն, մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեպքերը շարունակվում են, թիվն ավելի մեծանում է, ցավոք սրտի»։

Այս տարվա առաջին տասն ամիսների ընթացքում ծառայակից ընկերոջ կողմից դիտավորյալ սպանության երեք դեպք է գրանցվել, 2022-ին ողջ տարվա ընթացքում է սպանության երեք դեպք գրանցվել։

 

Placeholder
Զինված ուժերում այս տարվա 10 ամիսներին մահացել է 74 զինծառայող, ավելացել է ինքնասպանությունների թիվը