Լևոն Քոչարյանը երդվեց ու ստանձնեց պատգամավորական մանդատը
Քաղաքական
10:20 14/11/2023
Հայաստան

Լևոն Քոչարյանը երդվեց ու ստանձնեց պատգամավորական մանդատը

Այսօր ԱԺ հերթական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը երդվեց և դարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր:

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պաշտպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- երդման տեքստը կարդաց Լևոն Քոչարյանը։ 

Հիշեցնենք, որ ԿԸՀ նոյեմբերի 6-ի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին: Այդ որոշումից հետո, ՍԴ որոշման ուժով, Լևոն Քոչարյանը ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Հիշեցնենք նաև, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր վիրաբույժ Արմեն Չարչյանն էր վայր դրել իր պատգամավորական մանդատը։ Դրանից հետո դաշինքի նախընտրական ցուցակով հերթական 3 թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էիր ներկայացրել ԿԸՀ: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նույնպես ունի նոր պատգամավոր՝  Տիգրան Պարսիլյանը։ Նա ստացավ մահացած Մաթևոս Ասատրյանի մանդատը։ 

Մինչև նիստի մեկնարկը պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հիշատակը։

Placeholder
Լևոն Քոչարյանը երդվեց ու ստանձնեց պատգամավորական մանդատը