Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է՝ ևս մեկ վտանգի տակ դնել ՀՀ անվտանգությունը. Օհանյան
Քաղաքական
12:16 15/11/2023
Հայաստան

Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է՝ ևս մեկ վտանգի տակ դնել ՀՀ անվտանգությունը. Օհանյան

«Բոլոր այն կառույցներում, որտեղ Հայաստանը մասնակցություն ունի, հատկապես ՀԱՊԿ-ում,  պետք է գնալ և մասնակցել միջոցառումներին։ Եվ եթե խնդիրներ կան դաշինքի անդամ երկրների կամ հարևանների հետ, ապա այդ հարցերը պետք է բարձրաձայնել այն հարթակներում, որտեղ միջոցառումներ են իրականացվում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ արձագանքելով ՀԱՊԿ նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու փաստին։

Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որի ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև Հայաստանը։

«Պարզ է, որ հարաբերությունների մեջ կան խնդիրներ, պարզ է, որ այնքան էլ դյուրին չի եղել այն ամբողջ ճանապարհը, որ ձևավորել է ՀԱՊԿ-ը, բայց ստեղծվել է պայմանագրաիրավագրային մի ամբողջ փաթեթ, և մանավանդ ռազմական բաղադրիչի մեջ Հայաստանը մեծ ներգրավվածություն է ունեցել։ Այս պարագայում, երբ Հայաստանն ու Արցախը գտնվում են բավականին լուրջ բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և Հայաստանի անվտանգությունը», - ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շատ դեպքերում կախված է եղել նաև Հայաստանի իշխանություններից։

Հիշեցնենք, որ նախօրեին բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Փաշինյանն ասել է,  որ չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

 

Placeholder