ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան. Ինչ գործ ունեմ՝ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ
Կրթություն, գիտություն
13:05 17/11/2023
Հայաստան

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան. Ինչ գործ ունեմ՝ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ

Այսօր առավոտյան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում բռնկված հրդեհի հետևանքով կա մեկ զոհ և տուժածներ, սակայն քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ, թե ինչ է կատարվել նկուղում, քանի որ, իր խոսքով, ինքը ֆակուլտետի պահակը չէ.

«Ես տեղյակ չեմ՝ ինչ է կատարվել նկուղում։ Որևէ լաբորատոր սարքավորում նկուղում դրված չի, և չի կարող պատահել, որ դրա հետևանքով լինի։ Ես նկուղի հետ գործ չունեմ, ես երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերի հետ գործ ունեմ»։

Վերջինս նշեց, որ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումից։ Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նախկինում հոսանքի տատանումներ չեն եղել, դեկանը պատասխանեց.

«Կարողա՞ ռեոստատը ձեռքիս ման եմ գալիս, հաշվում եմ՝ տատանում եղավ, թե ՞ չեղավ։ Ստուգումների համար հատուկ մարդիկ կան համալսարանում, գնացեք իրենցից հարցրեք»։

Հիշեցնենք, որ ՆԳՆ տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 17-ին, ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։

Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։

Մանրամասները՝ տեսանյութում։



ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը հայտնեց, որ քիմիական նյութերով հագեցած սենյակում հրդեհ չի եղել։

«Այժմ հետաքննություն է իրականցվում՝ պարզելու պատճառները։ Այս պահին  այլ մասնաշենքերում դասերը շարունակվում են»,-ասաց նա։

Placeholder
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան. Ինչ գործ ունեմ՝ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ