Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ձեր քաղաքականության հետևանքը մեր ժողովրդի ողբերգությունն է»․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու համար առաջնահերթություն են անվտանգային հարցերը, մարդկանց, երկրի անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը, որն այս կառավարությունը 5-5,5 տարիների ընթացքում պարզապես չի ապահովել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով պետական բյուջեի քննարկմանը՝ պատգամավորը նշեց, որ ամեն տարի երբ տեղի է ունենում բյուջեի քննարկում, ինքը միշտ փորձում է հիշել՝ անցնող տարվա ընթացքում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում և Արցախում, քանի որ ցանկացած կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն իր երկրի տարածքային ամբողջականության ապահովումն է, իր երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումը, դեռ չի խոսում երկրի հեղինակության, անհրաժեշտ դիրքավորման և մնացած այլ գործոնների մասին։
«Հիմա ինչ արժեք ունի խոսել այս կամ այն ոլորտներում բյուջետային ավելացումների մասին, երբ յուրաքանչյուր տարվա հետ միջին վիճակագրական քաղաքացին իր համար, իր երկրի համար արձանագրում է մարդկային մեծաթիվ կորուստներ, հայրենիքի կորուստ։ Այսինքն ՝ամեն տարի կառավարության ներկայացուցիչը խոսում է, թե այս կամ այն ուղղությամբ այսքան բյուջետային հատկացումներ են կատարելու, իսկ հաջորդ տարի ասում` գիտեք, մենք կորցրեցինք ՀՀ-ից այսքան տարածք, այսքան կորուստներ ունեցանք հերթական ագրեսիայի ժամանակ, մենք հանձնեցինք Արցախը կամ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Արցախի նկատմամբ և այլն»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ սա վերաբերում է նաև այն ժամանակահատվածին, երբ 44-օրյա պատերազմից հետո իրենք խոսում էին քաղաքական և անվտանգային խնդիրների մասին, իսկ իշխանությունն ասում էր, թե մեծացրել են սոցիալական հատկացումները։
«Հիմա մենք չենք կարողանում այդ մարդկանց հասկացնել, որ ստեղծել են խնդիրներ, ձեր քաղաքականության հետևանքը մեր ժողովրդի ողբերգությունն է, և հիմա եկել ու խոսում եք նրա մասին, որ ինչ-որ մարդիկ կարողացել են դուրս գալ և չմահանալ ու դուք նրանց սոցիալական խնդիրներն եք լուծում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։