Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մետաքսե Հակոբյան. Պարտավորություն ունենք թույլ չտալու փակվի Արցախի հարցը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են Արցախի ներկայացուցչությունում՝ քննարկելու անելիքները, առաջիկայում ԱԺ նիստ գումարելու հարցը։
«Բնականաբար, մենք ձեռքներս ծալած չենք նստել, այս ամբողջ ժամանակահատվածում փորձել ենք հանդիպումներ կազմակերպել, տևական ժամանակ չէր ստացվում ուղղակի պատգամավորների տեղակայման վայրերով պայմանավորված»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ, ի վերջո, հաջողվել է հանդիպել ԱԺ ողջ կազմով, տարբեր քննարկումներ են տեղի ունեցել անելիքների կապակցությամբ։
«Մենք ոչ թե ինչ-որ գործ պետք է անենք, այլ պարտավորություն ունենք՝ պարտավորություն թույլ չտալու փակվի Արցախի հարցը, քանի որ այն բացողը նաև մենք չենք եղել, հետևաբար, մենք նման որոշում կայացնելու իրավունք էլ չունենք»,- ասաց Մ.Հակոբյանը։
Արցախի ԱԺ պատգամավորը հայտնեց, որ, ըստ ընթացակարգի, որոշել են աշխատանքային խորհրդակցություն հրավիրել խմբակցությունների ղեկավարների, մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ, որից հետո կորոշվի հաջորդ քայլն ու դրանից բխող մնացած քայլերը։
Մ. Հակոբյանը նաև հայտնեց, որ ընթացքի մեջ է հասարակական կազմակերպություն ստեղծելու գործընթացը, շուտով հնարավորություն կունենան նաև այդ ուղղությամբ հայտարարություն անել։