Արծվաշենն ինքնիշխան Հայաստանի տարածք է.Փաշինյան
Քաղաքական
17:16 24/11/2023
Հայաստան

Արծվաշենն ինքնիշխան Հայաստանի տարածք է.Փաշինյան

«Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, որ նման հարց չկա: Արծվաշենը ինքնիշխան Հայաստանի տարածք է, ես չեմ կարող ուղղակի ասել՝ ՀՀ ինքնիշխան տարածքի այս կտորի հետ գործ չունենք»,-պատասխանելով ՀՀ-ի և Սփյուռքի մեր հայրենակիցների հարցերին՝ ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ երբ Հայաստանը  Արծվաշենի հարցը բարձրացնում է, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ և ԽՍՀՄ քարտեզներով ու որոշումներով դե յուրե գոյություն են ունեցել:

«Եթե ասենք անկլավի հարց չկա, ուրեմն պետք է ասենք, որ էքսկլավի հարց էլ չկա, Արծվաշենի հարց էլ չկա, բայց երկու հարցն էլ կա: Խաղաղության գործընթացում այդ երկու հարցերը պետք է կարգավորվեն»,-նշեց Փաշինյանը:

Մենք պատրաստ ենք փոխանակվել գերիներով՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ադրբեջանում գերեվարված հայերի խնդիրը իր քաղաքական թիմի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։

Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ճկունություն ցուցաբերել այս հարցում և գերիներին վերադարձնելու համար սկսել աշխատել Ադրբեջանի հետ։

«Միաժամանակ մենք պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին տեղափոխել Ադրբեջան՝ փոխանակելով մեր գերիներով՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ հարցին տալով բացառապես մարդասիրական բնույթ»,-հայտնեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ գերիներին վերադարձնելու նպատակով Հայաստանը դիմել է նաև ՄՔԴ-ին և այլ միջազգային կառույցներին, սակայն կատարված աշխատանքը բավարար չեն, քանի դեռ գերիներ կան։

«Ես դժգոհ եմ, որ մինչ օրս այս հարցում առաջընթաց չի գրանցվել, և ներողություն եմ խնդրում և՛ գերեվարված մեր եղբայրներից, և՛ նրանց ընտանիքներից»,-ասաց  Փաշինյանը։

Placeholder
Արծվաշենն ինքնիշխան Հայաստանի տարածք է.Փաշինյան