ՄԱԿ-ի խաղաղապահները Լիբանանի հարավում հայտնվել են իսրայելական կրակի տակ
Քաղաքական
21:50 25/11/2023
Աշխարհ

ՄԱԿ-ի խաղաղապահները Լիբանանի հարավում հայտնվել են իսրայելական կրակի տակ

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) պարեկային մեքենան իսրայելական բանակի կողմից գնդակոծվել է Այտրունի սահմանային շրջանում։ Այդ մասին Telegram ալիքում հայտնել է UNIFIL-ի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։

«Լիբանանի հարավում իսրայելական բանակը գնդակոծել է խաղաղապահների պարեկային խումբը: Կրակը բացվել է տեղական ժամանակով ժամը 12:00-ին  Այտրունի շրջանում: խաղաղապահներից չեն վիրավորվել, սակայն նրանց ավտոմեքենան վնասվել է»,-ասել է նա։

Ինչպես նշել է Տենենտին, միջադեպը տեղի է ունեցել լիբանանա-իսրայելական սահմանին հարաբերական անդորրի ժամանակ՝ նոյեմբերի 24-ին Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի մասին հայտարարությունից հետո։

«Այս հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ «Կապույտ սաղավարտները» գործադրում են բոլոր ջանքերը հարավային Լիբանանում լարվածությունը նվազեցնելու և կայունությունը վերականգնելու համար»,-ասել է UNIFIL-ի ներկայացուցիչը և հավելել. «Մենք դատապարտում ենք նման գործողությունները և ընդգծում կողմերի պատասխանատվությունը՝ ապահովելու խաղաղապահ ուժերի պաշտպանությունը»:

Placeholder