Ի՞նչ է կատարվել «Երևան Սիթիում». Նոր մանրամասներ
Իրավունք
13:54 30/11/2023

Ի՞նչ է կատարվել «Երևան Սիթիում». Նոր մանրամասներ

«Երևան Սիթիի» մասնաճյուղերից մեկում անչափահասների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին քննչական կոմիտեից։

Ծեծկռտուքի ժամանակ անչափահասներից մեկը ոտքին սուր առարկայով հարված է ստացել, դիմել է բուժօգնության և շուտ դուրս է եկել այնտեղից։  Հարված ստացած անչափահասը տուժող է ճանաչվել։ Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։

ՔԿ-ից հայտնում են, նախնական գնահատականով՝ առարկան սառը զենք չի հանդիսանում։

Ըստ տեղեկությունների, առարկան եղունգկտրիչի փոքրիկ դանականման մասն է եղել․ մի քանի հոգով տուժողին ծեծի են ենթարկել,  հարվածն այդ ժամանակ է հասցվել։ Տուժած անչափահասը, մեր տեղեկություններով, սուպերմարկետում որոշակի աշխատանքներ է իրականացրել։

Քրեական օրենսգրքի 195 հոդվածը սահմանում է ֆիզիկական ներգործությունը։ Հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետը նշում է.

«Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, որը կատարվել է  առանձին դաժանությամբ պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ  մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 19-ամյա Հակոբ Կ.-ն է:

Placeholder
Ի՞նչ է կատարվել «Երևան Սիթիում». Նոր մանրամասներ