Ադրբեջանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի գործով դատական նիստը
Իրավունք
11:33 04/12/2023
Տարածաշրջան

Ադրբեջանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի գործով դատական նիստը

Ադրբեջանում մեկնարկել է ադրբեջանցիների կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Աշոտի Ոսկանյանի գործով դատական նիստը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ կայացած հանդիպմանը Ոսկանյանին բացատրել են նրա իրավունքները, նրան տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ։
Ոսկանյանի իրավունքները պաշտպանելու է փաստաբան Դիլսուզ Մամեդովը։ Պետական դատախազը Մուշվիգ Ռահիմովն է։

Այնուհետև պարզվել են Գագիկ Ոսկանյանի անձնական տվյալները, ըստ այդմ՝ Գագիկ Ոսկանյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, ամուսնացած է։ Նա Հայաստանի քաղաքացի է։

Ադրբեջանը Ոսկանյանին մեղադրում է այս տարվա օգոստոսի 16-ին Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

Գործով իբր  տուժող է ներգրավված հինգ քաղաքացի՝ Էլվին Հուսեյնզադեն, Իսրաֆիլ Մամեդովը, Խայալ Դաշդեմիրովը, Ալի Քերիմովը և Թոֆիկ Իսմայիլովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ  օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն նախնական տվյալներով ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։

Ավելի ուշ նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզվա ծ հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
 







Placeholder
Ադրբեջանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի գործով դատական նիստը