Տաքսի ծառայությունների ոլորտը կկարգավորվի օրենքով, կսահմանվի պետական տուրք
Տնտեսություն
12:28 08/12/2023
Հայաստան

Տաքսի ծառայությունների ոլորտը կկարգավորվի օրենքով, կսահմանվի պետական տուրք

«Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի»,- Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց  հիմնական զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում. «Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղևորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ: Ոլորտում գործունեություն իրականացնողների վերաբերյալ հստակ տեղեկատվություն առկա չէ օրենսդրական կարագավորումների բացակայության պատճառով»:

«Օրենսդրական դաշտի չկարգավորման պայմաններում ոլորտում բացակայում են վերահսկողական մեխանիզմները: Առկա խնդիրները լուծելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջակվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ողևորափոխադրման ծառայության  հասկացությունը որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրում, էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն, սահմանել պատվերի վճարման էլետրոնային հսկիչ դրամարկղային մեքենային կիրառության և պատվիրատուին էլեկտրոնային կտրոնի տրամադրաման պահանջ։

Յուրաքանչյուր փոխադրաման համար  կսահմանվի արտոնագիր տրամադրելու պահանջ, որի համար պետական տուրքը կկազմի՝ ընդհանուր արժեքի  կանխիկ դրամով վճարումների դեպքում 2024 թ. սեպտեմբերի 1-ից 2 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի 1-ից 3,5  տոկոսի չափով, 2026 թ. հունվարի 1-ից 5 տոկոսի չափով։

Անկանխիկ դրամով  վճարումների դեպքում՝ 2024 թ.  սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի 1-ից 2,5  տոկոսի չափով, 2026 թ. հունվարի 1-ից 4 տոկոսի չափով։

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման իրավունք ձեռք բերելու համար սահմանվելու է 1 միլիոն դրամ պետական տուրքի պահանջ»,- մանրամասնեց փոխնախարարը։

Հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող առաջին քայլերից մեկն է, հիմնականում սկսում են օն-լայն տաքսի ծառայության կարգավորումից, քանի որ տաքսիները մեծամասամբ ինտեգրված են այդ համակարգերին։

Placeholder