Գերիների վերադարձը ժամերի, օրերի հարց է. Սարգիս Խանդանյան
Քաղաքական
12:46 08/12/2023
Հայաստան

Գերիների վերադարձը ժամերի, օրերի հարց է. Սարգիս Խանդանյան

«Գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում, ժամերի կամ օրերի հարց է»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նա նշեց, որ գերիների հանձնումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենալու։

Ս.Խանդանյանը հաստատեց, որ գերիների փոխանակման շրջանակում ադրբեջանական կողմին է փոխանցվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդին սպանած և ՀՀ-ում ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայողին։

«Մինչև գերիները չհատեն ՀՀ սահմանը, խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ չշրջանառել անուններ, քանի որ դա կարող է ծանր լինել գերիների հարազատների համար»,- ասաց նա։

Ս.Խանդանյանի խոսքով, տեղի ունեցածը Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունք է։ Նա նշեց, որ  հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա, բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև:

Հիշեցնենք, որ երեկ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի. «Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը»։ 
 

Placeholder
Գերիների վերադարձը ժամերի, օրերի հարց է. Սարգիս Խանդանյան