Դերասանուհի Տաթև Մելքոնյանը հաջողություն մաղթեց Panorama.am-ին
Մշակույթ
12:11 15/12/2023
Հայաստան

Դերասանուհի Տաթև Մելքոնյանը հաջողություն մաղթեց Panorama.am-ին

Այս տարվա ամռանը Երևանի քաղաքապետարանը լուծարել էր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի հաստիքը: Ուղիղ մեկ տարի է, ինչ թատրոնը տնօրեն նաև չունի։ Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարն էր Մակիչ Մարգարյանը։ Սակայն թատրոնը հիմա տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 14-ից դերասանուհի Տաթև Մելքոնյանը նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

«Սահմանված կարգով լինելու է մրցույթ, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել մրցույթին։ Մրցույթի արդյունքներով հաղթած թեկնածուն կնշանակվի թատրոնի տնօրեն»,- ասաց նա։

Հ.Կոստանյանը տեղեկացրեց, որ մրցույթը կհայտարարվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից 6 ամիս հետո։

Panorama.am-ը փորձեց Տաթև Մելքոնյանից պարզել՝ արդյո՞ք կմասնակցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին։

«Ես չեմ համաձայնել ձեզ հարցազրույց տալ և ոչ մի հարցի չեմ պատասխանի,  բնականաբար։ Շնորհակալություն, հաջողություն»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը։

Ի դեպ, հիշեցնենք՝ սկզբնական շրջանում տեղեկություններ կային, որ թատրոնի տնօրենի պաշտոնում Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին։

«Հրապարակը» գրում է. «Մենք կապվեցինք ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ իր ունեցած տեղեկություններով` Տաթև Մելքոնյանը մտերիմ է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, ավելի կոնկրետ` Ռուբեն Բաբայանի կադրն է, երկար տարիներ աշխատել է Տիկնիկային թատրոնում: Իսկ Ռուբեն Բաբայանը ոչ միայն «Բաց հասարակություններ հիմնադրամի» տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես հանրության շրջանում ընդունված է ասել` կարկառուն սորոսական, այլև հարում է իշխող ՔՊ-ին, սերտ կապեր ունի այս իշխանությունների հետ»։

Placeholder