Հայաստանի մարզական լրագրողները խորապես մտահոգված են ՀՖՖ-ի լռությունից հայտարարություն
Սպորտ
16:15 17/12/2023
Հայաստան

Հայաստանի մարզական լրագրողները խորապես մտահոգված են ՀՖՖ-ի լռությունից հայտարարություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների (դեկտեմբերի 23) նախաշեմին մի խումբ մարզական և ֆուտբոլային լրագրողներ և մեկնաբաններ հանդես են եկել հայտարարությամբ։

«Հայաստանի մարզական լրագրողները խորապես մտահոգված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների նախօրեին հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակով:

Գործող ֆեդերացիայի ղեկավարման ոչ բավարար արդյունքները և անկատար խոստումները խոշոր ներդրողների շրջանում դարձել են քննադատությունների պատճառ` վերածվելով ՀՖՖ-ի ու Հայաստանի առաջատար ֆուտբոլային ակումբների սուր դիմակայության: Այս ամենը կարող է հանգեցնել բացասական լուրջ հետևանքների:

ԶԼՄ-ներում լայնորեն քննարկվում են ֆուտբոլային ակումբների, հայտնի մարզիկների և հասարակության ներկայացուցիչների հայտարարություններն ու բողոքներն ընդդեմ ՀՖՖ գործող կազմի կատարած աշխատանքի: Մենք հավատացած ենք, որ ՀՖՖ գործող ղեկավարների լռությունը միայն վատթարացնում է իրավիճակը:

Հայաստանի ֆուտբոլային հանրությունը ցանկանում է լսել բոլորին հուզող հարցերի պատասխանները և առաջարկվող միջոցները, որոնք կբարելավեն հայկական ֆուտբոլի արդյունքները և նոր մակարդակի դուրս կբերեն մեր ֆուտբոլը:

Ի տարբերություն Արազ Օզբիլիսի, ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնորդներից մյուսը` ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մինչև օրս այդպես էլ հանրությանը չի ներկայացրել երկրում ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը, որով նախատեսում է վերընտրվել հաջորդ ժամկետով:

Մենք ցանկանում ենք քաղաքակիրթ ու կառուցողական երկխոսության կոչ անել, բացեիբաց քննարկել ցավոտ հարցերը:

Հակառակ դեպքում, դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահի ընտրությունները չեն լինի անաչառ և հարվածի տակ կդնեն մեր երկրում ամենամասսայական մարզաձևի զարգացումը:

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյան

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյան

Սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյան

«Երկիր Մեդիա» ՀԸ սպորտային մեկնաբան, ՀՀ վաստակավոր լրագրող Ռուդիկ Բարսեղյան

«Սպուտնիկ Արմենիա»-ի սպորտային լրագրող, ֆուտբոլային մեկնաբան Խաչիկ Չախոյան

Ֆուտբոլային գիտակների ակումբի նախագահ Տիգրան Հովհաննիսյան

«Ռադիո Վան»-ի հաղորդավար Գոռ Գրիգորյան (Եգոռ Գլումով)

«Նոեվ Կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյան

Ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյան

Հայաստանում «Իտար ՏԱՍՍ»-ի սեփական թղթակից Սերոբ Օհանյան

Լեռնային Ղարաբաղի Նորությունների սպորտային մեկնաբան Ալեքսանդր Գրիգորյան

«Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյան

«Առավոտ» թերթի սպորտային լրագրող Աշոտ Հակոբյան»։

Placeholder