Դա մեծ ողբերգություն էր Արա Մարտիրոսյանի համար․ Արամե
Մշակույթ
20:11 19/12/2023
Հայաստան

Դա մեծ ողբերգություն էր Արա Մարտիրոսյանի համար․ Արամե

«Արայի հետ ծանոթացել եմ շուրջ 16 տարի առաջ Երևանում։ Հիշողությունները՝ կենսուրախ են։ Երբ տեղափոխվեց ԱՄՆ, այնտեղ էլ էինք հանդիպում։ Հերթական դժբախտ օրն է երգարվեստի համար։ Եվ որպես մարդ, և որպես երգիչ տաղանդավոր էր։ Վստահ եմ՝ հարյուր հազարավոր մարդիկ այսօր ցավ են ապրում, որովհետև կյանքից հեռացավ երիտասարդ և տաղանդավոր մարդ, որը դեռ շատ կարող էր երգել»,-Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց երգիր Արամեն։

Նա հայտնեց, որ Մարտիրոսյանի մայրիկի մահվանից հետո մի քանի անգամ հանդիպել է Արային։

«Հասկանալով, որ դա մեծ ողբերգություն էր Արայի համար, այդ մասին շատ չէինք խոսում, ինքը ևս վիշտը ցույց չէր տալիս։ Համերգների ժամանակ նույնպես հանդիպեցինք, նա բարձրացավ բեմ այնպես, ինչպես մինչև այդ դեպքը։ Դա խոսում է ուժեղ կամքի և գերպրոֆեսիոնալիզմի մասին»,- պատմեց Արամեն։

Նշենք, որ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը։ Հայտնի երգիչները, հարազատները և երկրպագուները հրաժեշտ են տալիս սիրված երգչին։

Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահից։

Ավելի  վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին կյանքից անժամանակ հեռացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ Երգչի ընկերները Panorama.am-ին հայտնեցին, որ նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։  Բժիշկները ժամեր շարունակ պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն գրանցվել է սրտի կանգ:


 

Placeholder