Փաշինյանը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ իր քաղաքականությունը
Քաղաքական
10:09 19/12/2023
Հայաստան

Փաշինյանը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ իր քաղաքականությունը

«2023 թվականը մեծ մարտահրավերների տարի է: Այդ մարտահրավերներից առանցքայինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին, և դրա հետևանքով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայաթափումը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:

Նրա խոսքով, տեղի ունեցածը հետևանք էր մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս հրապարակային ահազանգում էր, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ և ակնկալում էր միջազգային կոնկրետ գործողություններ, բայց պիտի արձանագրենք նաև, որ այդ գործողությունները չտեսավ, ցավոք:

«Ըստ էության, իրադարձությունները զարգացան մեր կողմից կանխատեսվող ամենահոռետեսական սցենարով, որը սակայն, ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, իրատեսական սցենար էր:

Այս առումով, կարծում եմ՝ էական է ևս մեկ անգամ ընդգծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ մեր քաղաքականությունը: Մեր մոտեցումը հետևյալն է, որ եթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան ինչ-ինչ պատճառներով, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է Փաշինյանը։

Նա բավարարվածությամբ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի եղավ մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունել ավելի քան 100 000 փախստականների, առանց փախստականների ճամբարներ կամ վրանային ճամբարներ հիմնելու:

«Բայց մյուս կողմից՝ նաև  ուզում եմ մեր այն միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում մեզ աջակցել են և պատրաստակամություն հայտնել ու փաստացի շարունակում են իրենց աջակցությունը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և արձանագրել այդ աջակցության շարունակականության կարևորությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Placeholder
Փաշինյանը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ իր քաղաքականությունը